ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Պատմական կարեւոր հաղթանակների տոների առիթով մի քանի նկատառում եմ ուզում ներկայացնել մեր պետության անվտանգության այսօրվա ռիսկերի եւ անելիքի մասին։
Ոչ մի համաճարակ, ոչ մի հեղափոխություն, ոչ մի պայմանավորվածություն չի չեղարկել պատերազմի վտանգը, Ադրբեջանին չի ստիպել հրաժարվելու ռազմական ճանապարհով հաջողության հասնելու ցանկությունից։
Պետական համակարգի եւ հասարակության զգոնության նկատվող թուլացումը որոշակի մտահոգություններ է առաջացնում։ Մեր պետության համար անվտանգության խնդիրը դեռեւս շատ երկար ժամանակ մնալու է առաջնահերթ։ Սա փաստ է, որը պետք է ընդունենք որպես իրականություն, եւ մեր պետության զարգացումը պետք է կառուցվի այս փաստի մշտական գիտակցմամբ։ Նման սրությամբ անվտանգության խնդիրը Հայաստանի համար դատավճիռ չէ, անլուծելի բեռ չէ, այլ՝ իրողություն, որը վայրկյան անգամ չի կարելի մոռանալ։ Բայց, միեւնույն ժամանակ, գրագետ ու հետեւողական քաղաքականության եւ գործողությունների շնորհիվ կարելի է ռիսկերն էապես նվազեցնել ու կառավարել։
Կան սխալներ, որոնք կարող են էապես բարդացնել իրավիճակը, իսկ երբեմն՝ դառնալ ճակատագրական։ Անթույլատրելի սխալների ցանկում ես կառանձնացնեի հետեւյալ ուղղությունները.
Ա) արցախյան կարգավորման բանակցությունների նկատմամբ անլուրջ վերաբերմունքը եւ դրանք փակուղի տանելը
Բ) անվտանգային համակարգի հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում օրեցօր նկատելի սառնությունն ու անվստահությունը
Գ) հասարակության պառակտման եւ բաժանարար գծերի քաղաքականությունը։
Իհարկե, կան շատ այլ գործոններ, որոնք ազդում են պետության անվտանգության մակարդակի վրա, եւ դրանք բոլորը կարեւոր են։ Բայց վերը նշված երեք կետերն ուղիղ ազդանշան են հակառակորդին։ Միեւնույն ժամանակ, դրանք ահազանգ են հանրության գիտակից շերտերին, պետական համակարգին, հասարակական-քաղաքական շրջանակներին։
Պետության անվտանգությունը եւ կենսական խնդիրների համակարգը չեն կարող կախված լինել մեկ անձի հուզական պոռթկումներից կամ կամակորություններից։ Պետք են քաղաքական, իրավական, բարոյական եւ ինստիտուցիոնալ հակակշիռներ, ամուր քաղաքացիական հասարակություն։ Կարեւոր եմ համարում իշխանությունից դուրս, այսպես կոչված, «անվտանգության բարձիկների» ստեղծումը։ Խոսքը ոչ իշխանական շրջանակների եւ անձանց կոնսոլիդացիոն միտումների, որոշակի համակարգող կառույցների ձեւավորման մասին է, որտեղ կլինեն մարդկային բարձր արժեքների տեր ազնիվ, սկզբունքային, գիտելիք եւ փորձ ունեցող անձինք։
Ինչ վերաբերում է հատկապես Արցախի հիմնախնդրին, ապա կյանքն ապացուցեց, որ պետք է ունենալ համազգային տեսլական՝ հստակ ձեւակերպված բանակցային սկզբունքներ, կարմիր գծեր, որոնք խախտելն անթույլատրելի է։ Սա պետությունը զերծ կպահի փոփոխվող իշխանությունների կոպիտ սխալներից ու սայթաքումներից եւ ամեն մի նոր իշխանության հեռու կպահի բանակցությունները «նոր կետից» սկսելու գայթակղությունից։
Կասկածից վեր է, որ առաջիկայում մեզ սպասվում է բարդ փուլ՝ մի շարք մարտահրավերների սրացմամբ։ Դիմակայելու առաջին նախապայմանը սա գիտակցելն է։ Այնուհանդերձ, մենք լավատես ենք։ Լավատեսության իրական ռեսուրսն ազգային ներուժն է, համազգային միասնականությունը, համերաշխ եւ փոխօգնության պատրաստակամ հասարակությունը։ Ես հիմնովին մերժում եմ հեղափոխականների-հակահեղափոխականների, հների-նորերի, սեւերի-սպիտակների բաժանումները։ Մենք բերելու ենք խաղի նոր եւ հստակ կանոններ՝ հիմնված իրավունքի գերակայության, հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության սկզբունքների վրա։ Սա կապահովի ահռելի ներքին ռեսուրս, եւ մենք կկարողանանք հաղթահարել սոցիալական լարվածությունն ու խաղաղություն պարտադրել հակառակորդին։ Եվ, որպես սրա հակադրություն, ներքին պառակտմանն ուղղված միտումներն ուղիղ ազդանշան են հակառակորդին։ Ես խնդրում եմ բոլորին՝ կլինեն նրանք իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս, մտածել այս մասին։
Աճող սոցիալական լարվածության ֆոնին նկատելի է հանրային տրամադրությունների փոփոխությունը, այդ թվում՝ չարացումը 2018-ին իշխանության եկածների հանդեպ։ Անկեղծորեն՝ ես դա չէի ցանկանա։ Հավատում եմ, որ գործող իշխանության մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են դժվար, անձնազոհ աշխատանքի՝ հանուն երկրի առաջընթացի։ Նրանք իրենց կամքից անկախ են հայտնվել անհասկանալի մթնոլորտի, անընդհատ եւ ամենուր թշնամի ու հակահեղափոխական տեսնելու պարտադրանքի առաջ։ Ես գիտեմ, որ նրանցից շատերն այլ մղումներով էին մտել իշխանություն՝ երկիրը բարեփոխելու, մասնակցային, բաց եւ հեռանկարային հասարակություն եւ տնտեսություն կառուցելու նպատակով։ Սակայն շատերն են հարկադրված լռում՝ տեսնելով, թե ինչպես են խեղդվում եւ հալածվում այլակարծությունը, առողջ քննադատությունը։ Ինձ համար ցավ է, որ երկրի ապագան, անվտանգությունը դրվում են հարվածի տակ։ Վստահ եմ, որ իրական համակարգային, ամբողջական փոփոխությունները դեռ առջեւում են, եւ դրանց մասին խոսելու, մտորելու շատ առիթներ կունենանք։
Հարգելի հայրենակիցներ, վերադառնալով օրվա խորհրդին՝ շնորհավորում եմ մեր ժողովրդին Եռատոնի կապակցությամբ։ Մայիսը մեր պատմական կարեւորագույն հաղթանակների ամիսն է։
Մեծ հաղթանակի 75-ամյակի նախօրեին գլուխ եմ խոնարհում մեր պապերի ու հայրերի հիշատակի առջեւ, հպարտանում Հայաստանում, Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում ապրող հայերի, աշխարհասփյուռ հայության անգնահատելի սխրանքով՝ նացիզմի դեմ տարած հաղթանակում։
Նրանց փառապանծ մարտական ուղու շարունակողը եղան Արցախյան գոյամարտի հերոսները։ Հավերժ փառք հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը նվիրաբերած նահատակներին։
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անկախության շրջանի բոլոր ղեկավարներին, զորահրամանատարներին, զինվորներին ու ազատամարտիկներին, բոլոր նրանց, ովքեր ավանդ ունեն այս մեծագույն հաղթանակում։
Շնորհավորում եմ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներին մեր հաղթանակների Եռատոնի կապակցությամբ»։