Ուկրաինայի ՆԳՆ նոր ղեկավարությունը քրեական գործ է հարուցել Կիևի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության գործով: Ըստ որոշ աղբյուրների՝ այդ հանցագործության մեջ ներգրավված են տասնյակ պաշտոնյաներ: Գրում է unian.net-ը և հավելում.
Համացանցում նոր տեսանյութեր են հայտնվել, որոնք փաստեցին դիպուկահարների առկայությունը:
Ըստ կայքի՝ փետրվարի 20-ին շարունակվում էր ցուցարարների դիմադրությունը, սակայն ուժայինները շուրջ 2 գիշեր գրոհեցին բարիկադների դեմ: Այդ ժամանակ արդեն 20 մարդ զոհվել էր: Հաջորդ օրը Բերկուտը սկսեց նահանջել:
Էլիտար ստորաբաժանման նախկին դիպուկահարի ենթադրությամբ՝ Բերկուտը հասկացել է, որ միգուցե կառավարությունը խաբում է իրեն:
«Հնարավոր է՝ տեղեկություն է տարածվել պատգամավոր Գենադի Մոսկալի հարցմանը ՆԳ նախկին նախարար Զախարչենկոյի պատասխանի մասին: Նա նշել էր, որ Բերկուտին ոչ ոք չի ուղղորդել, նրանք գործել են ինքնուրույն: Նրանք, հավանաբար, հասկացել են, և դա նահանջելու պատճառ է դարձել»,- նշել է նախկին դիպուկահարը:
Այդ գիշեր, սակայն, ավելի «կարևոր» դերը վերապահված էր դիպուկահարներին: Ո՞վ էր կրակում, որտեղի՞ց: Նոր տարածված տեսանյութում Բերկուտը նահանջում է: Ցուցարարները զինված են միայն փայտե մահակներով: Սպանվածները ևս անզեն էին: Մեկ այլ տեսանյութում դիպուկահարների խոսակցության ձայնագրությունն է: Զրույցից պարզ է դառնում, որ կար մարդկանց ուղղությամբ կրակողը մեկ ուրիշը: Բացի դրանից՝ նրանք հրաման ունեին կրակել միայն զինված մարդկանց վրա:
Նախկին դիպուկահարը վստահ է, որ անզեն մարդկանց վրա կրակել են վարձկան մարդասպանները:
«Այն հեռավորությունը, որից նրանք կրակում էին, հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք վարձկաններ էին, միգուցե նախկին մարզիկներ: Նրանց հեշտ էր գրավել, որ զբաղվեին այդպիսի անասնական գործով»:
Նրա խոսքով՝ դրանք կամ վարձկան էին, կամ այլ, բոլորովին ուրիշ ստորաբաժանում: Իսկ հայտարարություննները, թե կրակել են ցուցարարները, անիմաստ ու անհիմն են:
ՆԳՆ-ն արդեն քրեական գործ է հարուցել: Դիպուկահարների մասնակցությամբ տեսանյութերն էլ ապացուց կլինեն՝ պարզելու համար, թե ով կամ որ ստորաբաժանումն է կրակել մարդկանց վրա: