Հայաստանի ապագայի մասին բոլորս էլ ստիպված ենք լավ հույսեր ունենալ, սակայն պետք է ընդունենք, որ հեշտ չի լինելու կոռումպացված համակարգը բնից արմատախիլ անելը։ Այս մասին հայտարարել է աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի հետ զրույցում։
Տարոն Աջեմօղլուն նշել է, որ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն զանգահարել եւ ճշտել է, թե արդյոք ինքը ցանկանո՞ւմ է օգնել Հայաստանի տնտեսությանը։ «Ես պատասխանեցի, թե դրսում ապրելով՝ չգիտեմ, թե ինչպես կարող եմ օգնել, սակայն հայտնեցի, որ որ սիրով պատրաստ եմ ջանքեր գործադրել։ Առիթի դեպքում գնալու եմ Հայաստան, սակայն այս պահին ընտանեկան խնդիրների պատճառով անհայտ է, թե երբ կարող եմ այցելել Հայաստան։
Հայաստանի տնտեսությունը կաշառքի ու կոռուպցիայի հետեւանքով շատ է տուժվել։ Հայաստանի հասարակության մեջ եւ դրսում մեծ հույս կա, որ գտնվում ենք շրջադարձային կետում։ Անհրաժեշտ է բարձր մրցունակություն ապահովող եւ ավելի դինամիկ տնտեսության ճանապարհը բացող հասարակական շրջադարձ։ Նման փոփոխությունը միայն Հայաստանի հասարակությունը կարող է ապահովել։
Հայաստանի ապագայի վերաբերյալ բոլորս էլ ստիպված ենք լիահույս լինել, սակայն պետք է ընդունենք, որ հեշտ չի լինելու կոռումպացված համակարգը բնից արմատախիլ անելը։ Դա հնարավոր կլինի բազմակողմ մոտեցումով եւ նոր, կրթված, իդեալիստ եւ չկոռումպացված անձանց քաղաքականություն մտնելու շնորհիվ»,-ասել է Տարոն Աջեմօղլուն։
Նշենք, որ Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք» համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։ 1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։
Տարոն Աջեմօղլուն գլխավորում է տնտեսագիտական ուսումնասիրություններով զբաղվող ինտերնետային RePEc պրոյեկտի ամենաազդեցիկ տնտեսագետների ցանկը։