▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Բագրատյանի ճնշումն ակնհայտորեն չափող չկա. եկեղեցին պատասխանում է Բագրատյանին

Մայր Աթոռի Տեղեկատվական Համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մինչ Հրանտ Բագրատյանի ճնշումը ակնհայտորեն չափող չկա, այլապես նման բան Հայ Եկեղեցու վերաբերյալ չէր երկնի և առավել ևս չէր սպառնա, որ շարունակելու է գրել, մինչ իմ գործընկեր լրագրողներից ոմանք դարակներից հանել են ամեն առիթ-չառիթի համապատասխանող վարկաբեկիչ «վերլուծական» հոդվածները Հայ Եկեղեցու, իշխանությունների հետ նրա առնչակցությունների և նրա ներկայիս գործունեության վերաբերյալ, իսկ ուրիշներ ներկայացնում են եկեղեցաբանական իրենց ընկալումները (որոնք ըստ էության նոր խոսք են աստվածաբանության մեջ), շատ ուրիշներ էլ քննարկում են ԱԺ պատգամավորների արտահայտություններ Եկեղեցու դերակատարության վերաբերյալ և «տերտերների միս» ծամում (սակայն ոչ ոք չի հարցնում, թե ինչն է նման պոռթկումի պատճառ հանդիսացել), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր հայրենաբնակ ժողովրդին, մեր մանուկներին նվիրեց իր հերթական ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ընծան` ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» կրթահամալիրը: Սա մեկն է այն բազում սոցիալական, կրթական իրագործումներից ու ծրագրերից, որոնք ծառայեցվում են մեր ժողովրդին:

Սիրելիներ, դադարեք վիրավորել միմյանց, անհարկի ցավեցնել, վերջապես առաջնորդվեք ձեր ընտանիքների դավանած քրիստոնեական արժեքներով ու սիրեք միմյանց, հանդուրժող ու բարյացակամ եղեք: Ձեր սեփական քայլերը մի պատճառաբանեք այլոց թերևս խոտոր ու մոլոր ընթացքներով: Այս ամենի փոխարեն ծառայեցրեք ձեր բոլոր այդ հմտություններն ու շնորհները միևնույն աստվածահաճո առաքելությանը, որին լծված է Ձեր Մայրը` Հայոց Եկեղեցին, առաքելություն, որ ենթադրում է ժողովրդի բարօրություն, հայրենիքի պայծառություն, ամրություն` խարսխված սիրո, զոհողության, արդարության և սրբության, ծառայության և նվիրումի վրա: Այս ցինիզմի, թունոտության, արհամարհանքի ու ատելության մեջ չի կարող լինել լույս և առաջընթաց, չենք կարող խոսել խաղաղության ու ապահովության մասին: Ես իմ զավակների համար այսպիսի դառնությամբ ու մաղձով շնչող հասարակություն չեմ երազել: Ուրեմն, կարող ենք մեկտեղել մեր ուժերը յուրաքանչյուրս մեր պատասխանատվությամբ վերափոխելու մեր կյանքը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին