ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ելույթը խորհրդարանում:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանավեճի ժամանակ վերջինս արեց հետևյալ հայտարարությունը. ՛՛Ադրբեջանը բազմակրոն, բազմազգ պետություն է, բազմաթիվ են ազգային փոքրամասնություններն Ադրբեջանում, ովքեր խաղաղության և արժանապատվության մեջ են ապրում՛՛: Առայժմ մի կողմ դնելով նման դատողության կեղծ ու շինծու լինելը, պարզապես ուզում եմ ընդգծել, որ այս բանն ասում է մի երկրի ղեկավար, որտեղ ամեն օր, ամեն ժամ կոպտորեն ոտնահարվում են ներկայիս Ադրբեջանական Հանրապետության տարածքի բնիկ ժողովուրդների շահերն ու իրավունքները, արգելվում են մարդկանց մայրենի լեզվի կիրառումն ու հազարամյա ավանդույթները:
Թեև մարդու իրավունքերի՝ տվյալ դեպքում հավաքական, այն է բնիկ ժողովուրդների իրավունքների, խախտումներն Ադրբեջանում առօրյա են և սովորական, այդուհանդերձ այն, ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում անցյալ փետրվարի կեսերին գրեթե աննախադեպ էր իր ցինիզմով և դաժանությամբ: 
Արևելյան Այսրկովկասի բնիկ ժողովուրդներից մեկի՝ թալիշների, ազգային շարժման առաջնորդներից, քաղաքական ու հասարակական գործիչ, բանաստեղծ ու մեծ գիտնական Ֆախրեդդին Աբոսզոդան շինծու ու սարքովի մեղադրանքների հիման վրա Բաքվի դատարանի կողմից դատապարտվեց 16 տարվա ազատազրկման: Հատուկ ընդգծեմ, որ նա ամիսներ առաջ պարզապես առևանգվել էր մեկ այլերկրի տարածքից և անօրինական տեղափոխվել Ադրբեջան: Մեկ տարի Բաքվի բանտում պահելուց հետո ադրբեջանական դատարանը նրան մեղադրանք էր ներկայացրել Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների մեջ: Ամբողջովին սուտ ու կեղծ պնդումներ, քանի որ Աբոսզոդան ոչ միայն նման գործունեություն երբեք չի ծավալել, այլև մինչևիսկ մեծագույն ցանկության դեպքում չէր կարող:
Ի՞նչ գաղտնիքի և Հայաստանին հետաքրքրող տեղեկության կարող էր տիրապետել մի մարդ, ով տասնամյակներ շարունակ ապրում էր Ադրբեջանից դուրս՝ Մոսկվայում, ում ամեն քայլն արդեն տարիներ շարունակ գտնվում էր ադրբեջանական զանազան կառույցների և Ռուսաստանում արդբեջանական համայնքի ամենօրյա վերհսկողության ներքո: Չկա, չէր կարող լինել և չի եղել նման գործունեություն: Աբոսզոդայի միակ մեղքն այն էր, որ նա պայքարում էր սեփական ժողովրդի իրավունքների համար և մինչևիսկ համարձակվել էր խոսել թալիշների իրենց հազարամյա հայրենիքում ինքնորոշման իրավունքի մասին: Դեռևս 2015 թվականին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարն աննախադեպ քայլեր էր ձեռնարկել և հարցում ուղարկել Մարդու իրավունքների մասին կոնվենցիայի 52-րդ հոդվածին համապատասխան ՝ Ադրբեջանից պահանջելով պարզաբանումներ այդ նորմի իրականացման վերաբերյալ։ Իսկ ՄԱԿ-ի փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Ադրբեջանում լայնորեն տարածված է ընդդիմախոսների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների քրեական հետապնդումը:
Մեծարգո ներկաներ,
Ես որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրեսդիր մարմնի անդամ և հայաստանաբնակ եզդի ժողվրդի ներկայացուցիչ, իմ ձայնն եմ բարձրացնում եղբայրական թալիշ ժողովրդի ներկայացուցիչ Ֆախրեդդին Աբոսզոդայի հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարման և անհիմն դատապարտման դեմ: Կոչ եմ անում հայոց խորհրդարանին մշտապես իր ուշադրության կետրոնում պահել նշյալ հարցը, համապատասխան ուղերձով դիմել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միլատովիչին, մարդու իրավունքների պաշտպանության զբաղվող կառույցների՝ Human Rights Watch, Կարմիր խաչին, խնդրելով և պահաջելով մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկել Աբոսզոդայի դատապրտման գործը, թույլ չտալ, որ մարդիկ և ժողովուրդներ հալածվեն սեփական հայացքների պատճառով և սեփական ինքնության պահպանման համար:


