ԱԺ իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում տարածված լուրերին, ըստ որոնց գյումրեցիները հայհոյել են «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանին, վերջինս նստել է մեքենան ու փախել։

Կարեն Սարուխանյանը, մասնավորապես, գրել է․
Mediaport անունը կրող « լրատվականը », ինչպես նաև որոշ այլ լրատվական կայքեր, չնայած դրանց լրատվական կայք անվանելը, մեղմ ասած, սխալ է, հղում տալով վերը նշած « լրատվականին » գրել են, որ իբր երեկ իմ և գյումրեցիների միջև ինչ-որ միջադեպ է եղել, որը լկտի սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այո, երեկ ես եղել եմ Պոլիգոն կոչվող թաղամասում գտնվող շինանյութի խանութներից մեկում, որտեղից դուրս գալուց հանդիպել եմ ինձ ծանոթ մարդկանց մի խմբի, որոնց ջերմ բարևել եմ և շարունակել ենք մեր ջերմ զրույցը: Ասեմ ավելին՝ ծանոթներս ինձանից պահանջում էին, որ մեր քաղաքական թիմը կոշտ վերաբերմունք ցուցաբերի նախկին թալանչիների նկատմամբ ու վերջ տա թավիշին, ինչը ես խոստացա նրանց:
Ահա ամբողջ եղելությունը:
Խորհուրդ կտամ, որոշ լրատվական կայքեր կոչեցյալներին, որ չփորձեն այսուհետ ստահոդ լուրեր տարածել իմ անվան հետ կապված և պղտոր ջրում ձուկ չփորձել որսալ՝ հակառակ դեպքում կհանդիպենք դատարանում:
Վերջում նշեմ նաև, որ գյումրեցին իմաստուն է և գիտի ում հետ ոնց է խոսում ու որ գյումրեցին, անկախ ամեն ինչից, այսօր կանգնած է մեր քաղաքական թիմի կողքին:
Մեդիապորտի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․
«Մեր տեղեկություններով՝ երեկ կեսօրին միջադեպ է եղել Գյումրիի Պոլիգոն թաղամասում:
«Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանը դուրս գալիս է եղել շինանյութի խանութից, երբ թաղի տղամարդիկ նկատելով պատգամավորին, սկսել են հայհոյանքեր տեղալ նրա հասցեին:
Սարուխանյանը փորձել է հակադարձել, ի պատասխան սկսել են Նիկոլ Փաշինյանին հայհոյել, որից հետո «իմքայլականը» նստել է մեքենան ու փախել:
«Սիկտիրդ քաշի, էլ մեր թաղերում չերևաս»,-ճողոպրող պատգամավորի հետևից բղավել են թաղի տղամարդիկ»:


