«Իմ հազի դեմ հայկական բժշկությունն անզոր է»,-այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եչբ իր խոսքն ընդհատվեց հազով ու ավելացրել է. «չնայած՝ արդարության համար ասեմ, որ Ջավախքում ունեցած ելույթներից հետո հազիս վիճակը նորից բարդացավ»:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ միացումների ժամանակ շատ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ էին տալիս՝ ընդդեմ հազի, օրինակ՝ առաջարկելով դոշաբ խմել:
Իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ օրեր առաջ հրապարակել էր քաղաքացիներից մեկից ստացված մի դիմումի լուսանկար, որտեղ հեղինակն իր օգնությունն է առաջարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազը բուժելու համար: Ենթադրվում է, որ դիմումը ներկայացվել էր առողջապահության նախարարություն:
«Դիմելով Ձեզ հայտնում եմ, որ ես եկել եմ առաջարկելու իմ օգնությունը պարոն Նիկոլ Փաշինյանին՝ առողջության (հազի) վերաբերյալ: Ես գիտեմ դեղամիջոց, որը կօգնի մեր վարչապետին»,- գրել էր քաղաքացին:
Հիշեցնենք, որ այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է Արցախում ստեղծված իրավիճակի մասին: