Asekose.am-ը զրուցել է DJ LYOFF-ի հետ:
Ինչպես եղավ որոշումը DJ-ի գործունեությամբ զբաղվելու:
Երբ 16 տարեկան էի, որոշեցի աշխատել և ինքս իմ գումարը վաստակել։ Այդ ժամանակ առաջարկ ստացա աշխատել մանկական սրճարանում՝ որպես բարմեն։ Մի օր այնպես ստացվեց, որ սրճարանի DJ-ը չկարողացավ գալ աշխատանքի, և ես իմ օգնությունն առաջարկեցի։ Ինձ այդ պահին լուրջ չընդունեցին, քանի որ անփորձ էի, բայց ամեն դեպքում հնարավորություն տվեցին, ու ես անցկացրեցի միաժամանակ 5 ծնունդ։ Դա եղավ իմ DJ-ինգության կարիերայի սկիզբը։
Քանի՞ տարի է այս ոլորտում եք և երբ առաջին անգամ ապահովեցիք միջոցառման երաժշտական կողմը:
Չնայած նրան, որ 16 տարեկանում եմ սկսել, ընդմիջում եմ ունեցել՝ ծառայության անցնելով։ Ծառայությունից վերադառնալուց հետո՝ աշխատում եմ մինչ օրս և 7 տարի է արդեն այս ոլորտում եմ ։
Տվյալ ասպարեզ մուտք գործելիս չկա՞ր վախ մրցակցությունից դուրս մնալու:
Երբ սկսել եմ, մրցակցության մասին երբեք չեմ մտածել ու արել եմ իմ աշխատանքը սիրով։ Իսկ մրցակցության փոխարեն կենտրոնացել եմ իմ ինքնազարգացման վրա։ Առհասարակ ինչպես եք վերաբերվում մրցակցությանը:
Կա՞մարդ, ում Ձեզ մրցակից եք համարում:
Ինձանից ավելի պրոֆեսիոնալ DJ-ների լսելուց, ես իրենց որպես մրցակից չեմ տեսնում, այլ՝ ոգեշնչման աղբյուր։ Իմ կարծիքով, այս ասպարեզում ճիշտ չէ ասել մրցակցություն, ես ավելի կնախընտրեի ասել ինդիվիդուալ ձգտումներ և լինել յուրահատուկ ինքդ քո ոճի մեջ։
Այսօր կարելի է ասել, որ DJ-ների պակաս չկա: Շատերն են զբաղվում DJ-ի աշխատանքով: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ պետք է անպայման օժտված լինի լավ ու պրոֆեսիոնալ DJ-ը:
Ունենալ երաժշտական լավ ճաշակ և ունակ լինել հասկանալ միջոցառման մարդկանց սիրած ոճը։
Կան DJ-ներ, ովքեր ունեն իրենց նախընտրելի միջոցառումները, այսպես ասած այդ տեսակ միջոցառումներին են «իրենց ափսեում լինում»: Հետաքրքիր է՝ այս մասով ի՞նչ կասեք: Ի՞նչ տեսակ միջոցառումներ և երեկույթներ եք նախընտրում դուք:
Ես իմ ափսեում եմ, երբ նվագում եմ «Tech-House» և աշխատում եմ ժամանակակից մարդկանց հետ։
Այսօր շատ հարսանիքներում լինում են դեպքեր, երբ նորապսակները նախընտրում են օգտվել միայն DJ-ի ծառայություններից, բացակայում է կենդանի երաժշտությունը: Լավ DJ-ը կարող է փոխարինել մի հսկա նվագախմբի, արդյո՞ք բարդ չէ նման մեծաթիվ միջոցառումներին այդչափ կարևոր աշխատանքը վերցնել ուսերին:
Կախված պատվիրատուների ցանկությունից և DJ-ի հմտությունից, նա կարող է փոխարինել մի հսկա նվագախմբի։ DJ-ի հմտությունից ա կախված բարդ լինել կամ չլինելու հարցը։
Ըստ հյուրերի նախասիրությունների՝ պատրա՞ստ եք հնչեցնել ցանկացած երաժշտություն, որը ցանկանում է պատվիրատուն: Թե՞ կան ժանրեր, որոնք բոլոր դեպքերում չեք ցանկանա հնչեցնել:
Այո: Ռաբիզ ժանրը չեմ սիրում ու նախորոք պատվիրատուին զգուշացնում եմ դրա մասին։ Հիմնականում իմ անցկացրած միջոցառումները լինում են ժամանակակից :
Դուք «Գարուն է» երգի ռեմիքսի հեղինակն եք: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եղավ միտքը, ինչպե՞ս «ծնվեց» ռեմիքսն ու տեսահոլովակը:
Նախքան «Գարուն է»երգի Remix-ը ստեղծելը, ուզել էի ունենալ այնպիսի մի պրոեկտ, որ թե՛ Ռաբիզ, թե՛ House սիրողների համար լսելի լինի։ Եվ «Գարուն է»երգի իմ ռեմիքսային տարբերակը իրականացրեց իմ այդ նպատակը ։ Իսկ «Գարուն է» երգի ընտրությունը, այսինքն երգը լսելը և ռեմիքսը անմիջապես պատկերացնելը շատ պատահական է ստացվել։ Ռեմիքսի վերջնական տարբերակը լսելուց հետո, հասկացա նաև, որ Ռեմիքսը պետք է ունենա տեսահոլովակ։ Որոշեցի դիմել եղբորս՝ Նորայր Եղյանին, որպեսզի նա օգնի ինձ գտնել հետաքրքիր ռեժիսոր տեսահոլովակի համար։ Այդ ժամանակ նա ինձ առաջարկեց համագործակցել իր հետ։ Եվ ես որոշեցի, որ այդպես էլ կանեմ: Տեսահոլովակի շուրջ պատկերացումները փոխանակելուց հետո, որոշեցինք ունենալ գարնան պես գունավոր տեսահոլովակ։
Այս տեսակ աշխատանքները հնարավո՞ր է շարունակական բնույթ կրեն: Ի՞նչ նոր նախագծեր կլինեն ապագայում:
Իհարկե կկրեն շարունակական բնույթ, քանի որ ես այդպես եմ տրամադրված։ Եվ ասեմ, որ ունեմ նոր հետաքրքիր պրոեկտներ շուտով ներկայացնելու։