|
«Ի՞նչ է լինելու, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի ՀՀ»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստից հետո դիմելով միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ հարցրին լրագրողները: «Գործող նախագահներն օժտված են իմունիտետով: Եվ երկրորդ, լուծումներ են առաջարկվել մեր ռուս գործընկերներին, որը ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որ որոշ գործընկերներ ունեն»,- ասել է պաշտոնյան:
Նշենք, որ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հռոմի կանոնադրության վավերացմանը. այն ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստում:
|
|
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը: Վավերացման հարցը կքննարկվի հոկտեմբերի 3-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստում:
Ընդդիմությունը նիստին չի մասնակցել»:
|
|
Թարմացված. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում այցելել Հայաստան, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ոչ»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե արդյո՞ք Պուտինը նախատեսում է մոտ ապագայում այցելել Հայաստան։
|
Թարմացված․ Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ Երևանը հաշվի չի առել կանոնադրության վերաբերյալ Մոսկվայի փոխադարձ առաջարկները. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում։ «Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացված էին այն դիրքորոշման մասին, որ Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումն անընդունելի է այն պայմաններում, երբ այս կառույցը «ձերբակալման օրդեր» է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը։ Երկկողմ պայմանագիր կնքելու` Երևանի նախաձեռնությունը քննարկվել է, Մոսկվայում, առաջարկվել է փոխզիջումային տարբերակ, որը կարող է հարմար լինել երկու կողմերին, ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում է կայացվել՝ հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման, ինչը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել են նախարարությունից։
Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն, Հայաստանի ներկայացուցիչների կողմից առաջ քաշված թեզն այն մասին, որ ՄՔԴ-ին միանալը, իբր, որևէ ազդեցություն չի ունենա հայ-ռուսական կապերի վրա «իրականությանը չի համապատասխանում»։ «Առնվազն դժվար է պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցը հանրապետություն, հատկապես, երբ իշխող կուսակցության պատգամավորները կոչ են անում ձերբակալել (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինին՝ Հաագայի «թեմիսների» խնդրանքով։ ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Հայաստանի Ազգային ժողովում կլինեն սթափ մտածող ուժեր, որոնք դեմ կլինեն հայ-ռուսական հարաբերությունների համար ակնհայտ թունավոր որոշմանը»,- ամփոփել է ՌԴ ԱԳՆ-ն։
Չորեքշաբթի օրը ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովն իր նիստում ընդունել է ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին օրինագիծը և այն ուղարկել խորհրդարան։ Երևանը հայտարարել է, որ այս քայլն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ միտված է քրեական հետապնդում իրականացնելու ռազմական հանցագործություն կատարած ադրբեջանցիների նկատմամբ։
|
|
Թարմացված․ Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը, ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հայաստանը լավ գիտի, որ մենք դրան կողմ չենք, լավ գիտի, որ սա այն չէ, ինչ մենք ողջունում ենք»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովի խոսքով՝ ՀՀ իշխանությունների նման որոշումը «չափազանց թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ: