▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է խոստացել Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին մեկնելուց առաջ

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

 

 

 

 

 

 

 

«Իրատես» թերթը գրում է. «Երբ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե հունիսից մեկ տարով մեկնում է ԱՄՆ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում լրացուցիչ կրթություն ստանալու, մամուլը գրեց, թե ՀՀԿ-ից նեղացել, գնացել է: Սակայն իրականությունն այլ է: ՀՀԿ-ի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Վիգեն Սարգսյանը ոչ միայն չի նեղացել, այլեւ Սերժ Սարգսյանին ասել է, որ եթե ակտիվ քաղաքական գործընթաց սկսվի, ու իր անհրաժեշտությունը զգացվի, ինքը պատրաստ է թողնելու ուսումն ու վերադառնալու: Ճիշտ է, նրան հորդորել են հանգիստ շարունակել ուսումը, քանի որ հազիվ թե այդ մեկ տարում այնպիսի շրջադարձ լինի, որ ՀՀԿ-ն կրկին «ձիու վրա» հայտնվի»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 12-ին ՌԴ դեսպանատունը Երեւանի «Դվին» հյուրանոցում մեծ շուքով նշել է Ռուսաստանի պետական տոնը։ Ներկա են եղել մեծ թվով հյուրեր։ Հատկանշական է, որ գործող իշխանություններից զգալի ներկայացվածություն է եղել, բայց ոչ առաջին դեմքերի մակարդակով։ Վարչապետը, ԱԺ նախագահը, ԱԳ նախարարը չեն եղել, փոխարենը եղել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ում վերապահված էր Հայաստանի անունից ելույթ ունենալու եւ ողջույնի խոսք ասելու պատիվը։ Այս տարի Նիկոլ Փաշինյանըորոշել էր բավարարվել գրավոր շնորհավորանքներով, մինչդեռ անցյալ տարի այցելել էր ՌԴ դեսպանատուն՝ անձամբ շնորհավորելու ՌԴ պետական տոնի կապակցությամբ։ Առհասարակ, ամեն տարի այդ օրը ՀՀ ղեկավարները մշտապես այցելել են ՌԴ դեսպանատուն՝ շնորհավորելու դեսպանին։ Փոխարենը մեծ թիվ են կազմել նախկինները, այդ թվում՝ Ռիտա Սարգսյանը, ՀՀԿ-ական էլիտան»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Իրատես» թերթը գրում է. «Երբ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածու առաջարկեց Վահե Գրիգորյանին, նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոշ քաղաքական գործիչներ նրան քննադատեցին՝ համարելով անսկզբունք: Սակայն դիվանագետ Արմեն Սարգսյանը նեղ միջավայրում բավական դիպուկ է արտահայտվել այս առնչությամբ՝ նկատելով, թե նախկիններն են այդպիսի Սահմանադրություն գրել ու հրամցրել իրեն, որտեղ նախագահին ոչ մի լիազորությամբ չեն օժտել, հիմա ու՞մ վրա են մուննաթ գալիս, իրենց «հագով» գրած Սահմանադրությա՞ն: Նախագահը նաեւ ընդգծել է, որ նախկին իշխանության ձեռամբ գրած մայր օրենքի համաձայն նախագահը համարվում է պետության գլուխ եւ հետեւում է Սահմանադրությանը: «Հիմա ձիու վրա նստա՞ծ կհետեւեմ, թե՞ նախագահականի աշխատասենյակից, իմ հայեցողությանն է թողած»,- փաստել է նախագահը: Ասել է՝ անգամ հստակ դրույթներ չկան, թե ինչպես պետք է նախագահը հետեւի Սահմանադրությանը, դրա համար էլ Արմեն Սարգսյանն իր իմացածով ու գիտեցածով է առաջնորդվում»:

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Համահայկական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Իշխան Զաքարյանիպաշտոնանկությանը ուղղված գործընթաց է սկսել։ Պատգամավորը գտնում է, որ Իշխան Զաքարյանի տեղը կալանավայրն է, եւ նա պետք է պատասխան տա իր թալանածի ծագման մասին հնչող հարցերին։ Պատգամավորը որոշել է Իշխան Զաքարյանի վերջին 25 տարիների գործունեությունը նկարագրող նամակով դիմել համահայկական խաղերին մասնակցելու հայտ ներկայացրած սփյուռքի կառույցներին, որպեսզի նրանք եւս բավարար հիմք ունենան Իշխան Զաքարյանի հրաժարականի պահանջին միանալու համար»:

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին լուրջ ու կոշտ խոսակցություն է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ կապված «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման ու դրա շուրջ առկա աղմուկի հետ: Ինչպես հայտնի է, Թորոսյանը պատվաստանյութի կիրառման առաջամարտիկներից է: Ըստ մեր աղբյուրների, վարչապետի զայրույթի պատճառը եղել է մի քանի փորձագետների՝ «Գարդասիլի» կիրառելիության վերաբերյալ տրված գնահատականների հետ, որոնց համաձայն, այդ պատվաստանյութն այդքան էլ հարմար տարբերակ չէ եւ պատշաճ փորձարկում չի անցել: Փորձեցինք տեղեկությունը ճշտել առողջապահության նախարարությունից: «Մենք հերքում ենք այդ տեղեկատվությունը, նման բան չկա»,-ի պատասխան ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: Ի դեպ, մեր տեղեկություններով, Հայաստանում գտնվող պատվաստանյութի չափաքանակի պիտանելիության ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին, իսկ սպառումն այն ծավալների չէ, ինչ ակնկալվում էր: Ըստ այդմ, հարց է առաջանում, թե ի՞նչ ծավալի մասին է խոսքը, քանզի անկախ ֆինանսավորման աղբյուրներից, դա կնշանակի «փողերը քամուն տալ»: Այս խնդրի առնչությամբ նախարարությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, ինչն արել ենք: Համապատասխան ժամկետներում պատասխանը ստանալու դեպքում այն կներկայացնենք»:

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում իրարանցում էր առաջացրել խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Պարզվում է`  Խաչատրյանը ինքնաբուխ է նախաձեռնել այդ օրինագիծը ու, կարելի է ասել, խմբակցությանը տեղյակ չի պահել: Երեկ խմբակցության ղեկավարությունը փորձում էր Խաչատրյանից պարզաբանում ստանալ` հասկանալու համար, թե ինչու է նման, իրենց բնորոշմամբ, աբսուրդային նախագիծ ներկայացրել: Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ նախագծից, իսկ հարցին, թե պետք է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը, ասաց. «Անձամբ ես գտնում եմ, որ ոչ. ես չեմ կարծում, որ դրա կարիքը կա»: Երեկ Արմեն Խաչատրյանը հետ կանչեց նախագիծը եւ քննարկումներից հետո կրկին շրջանառության մեջ կդնի»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է վերացնել պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը: Պետական մարմիններ են համարվում նախարարությունները, կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինները: Այս փոփոխությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ եթե վարչապետը չունի առաջին տեղակալ՝ առաջին փոխվարչապետ, ապա նախարարը կամ ենթադրենք Ոստիկանության պետն էլ չպետք է ունենա առաջին տեղակալ, բոլոր տեղակալները հավասար են»:

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի է ունենալու Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է «ԱՀ Քննչական կոմիտեի մասին» նախագիծը: Հուլիսի 1-ից Արցախն արդեն ունենալու է Քննչական կոմիտե, իսկ կառույցի նախագահ էլ նշանակվելու է ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, ում այդ պաշտոնում փոխարինեց Լեւոն Մնացականյանը: Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնական համարեց ժամանակ առ ժամանակ կադրային տեղափոխությունները: «Լեւոն Մնացականյանի տեղափոխումը, կարծում եմ, պայմանավորված է առաջիկայում սպասվող որոշակի ակտիվացումներով. Սամվել Բաբայանը ստորագրահավաք է սկսել Սահմանադրության դրույթ փոխելու համար, եւ հնարավոր է, որ այդ գործընթացը նաեւ փողոցային ակցիաներով զուգորդվի: Լեւոն Մնացականյանը դրա համար նշանակվեց, որպեսզի ունենան լոյալ եւ ուժեղ ոստիկանապետ»,- նկատեց Խանումյանը»:

 

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում լուրջ կրճատումներ են սպասվում ոստիկանության համակարգում: Նույն տեղեկությունների համաձայն, առաջիկայում կլինեն նաեւ մասնավորաբար որոշ մարզային վարչությունների պետերի եւ բաժնի պետերի փոփոխություններ: Մեր աղբյուրների պնդմամբ, ըստ էության, սա արվում է ոստիկանության հանդեպ հասարակության վերաբերմունքն էլ ավելի բարձրացնելու եւ վստահությունը մեծացնելու համար: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: «Ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես են լինում, ինչի մասին հավուր պատշաճի տեղեկացվում է: Կրճատումներ, օպտիմալացման ծրագրեր եւս իրականացվում են ոստիկանությունում: Ես գնահատական չեմ կարող տալ եւ ասել, թե դրանք կտրուկ են, շատ են կամ քիչ, բայց, այո, օպտիմալացման գործընթաց ոստիկանությունում մեկնարկել է եւ այս պահին ընթացքի մեջ է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Ահարոնյանը՝ հավելելով, որ գործընթացը շարունակական է լինելու»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Բարձրագույն դատական խորհրդում հերթական պաշտոնանկությունը եղավ՝ հրաժարականի դիմում ներկայացրեց ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը։ Իշխանությունը գործուն ջանքեր է գործադրում ԲԴԽ-ն ցրելու ուղղությամբ՝ չգիտակցելով, թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ։ Ավելի վաղ հրաժարական էին տվել Գագիկ Հարությունյանը, Գեւորգ Դանիելյանը, իսկ 2 տեղ էլ թափուր էր մինչ այդ։ Հաջորդն Արմեն Բեկթաշյանի հերթն է։ Նրա հրաժարականից հետո ԲԴԽ-ում կմնա 4 անդամ, որոնք հույս ունեն, որ հրաժարականի պահանջ իրենց առաջ չի դրվի, քանի որ ԲԴԽ-ն առնվազն 6 անդամ պետք է ունենա, որ քվորում լինի։ 4 մնացողներն են Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Հայկ Հովհաննիսյանը՝ քաղաքապետ Մարությանի ընկերը, եւ Լիպարիտ Մելիքջանյանը։ Անգամ եթե շուտափույթ 2 անդամ նշանակվի, իսկ, հիշեցնենք, ԲԴԽ անդամներին նշանակում է Ազգային ժողովը՝ բավականին երկար ընթացակարգով, ապա 6 հոգանոց կազմով ԲԴԽ-ն կկարողանա միայն ընթացիկ եւ նորմատիվային խնդիրներ լուծել, իսկ, ասենք, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների եւ ԲԴԽ անդամների լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է առնվազն 7 անդամ»:


 

 

 

 

 

 

 

 

«Իրատես» թերթը գրում է. «Անմար է Արարատի մարզպետի սերը կոկորդիլոսների հանդեպ: Պատեհ ու անպատեհ առիթներով խոսում է երկկենցաղների մասին ու դարակազմիկ բացահայտումներ անում: Օրեր առաջ էլ հայտնագործել է, որ նրանք ինչ-որ ժամանակ թռել են, ինչը համացանցում կոմիքսների ու հումորային գրառումների թեմա է դարձել: Կոկորդիլոսի մասին նրա անվերջանալի պատմություններն արդեն ծիծաղելի չեն. մանավանդ, երբ գիտակցում ես, որ հասարակության ուշադրությունը կարեւոր ինչ-որ թեմայից շեղելու համար «անմեղ» մարզպետներն ու չինովնիկները հայտնվում են հրապարակում ու նման բաներից խոսում: Կոկորդիլոսը թռել է, թե չի թռել, ձու է ածել, թե ձվադրել է, թող կենսաբանները որոշեն, իսկ նրա գործը մարզի ոռոգման ջրի հարցերով զբաղվելն է, կարկտահարության դեմ միջոցներ ձեռնարկելը եւ այլ կնճռոտ հարցեր: Այլապես տպավորություն է, թե իր հարազատներին աշխատանքի տեղավորելուց ու կոկորդիլոսների «դարդը քաշելուց» բացի, այլ անելիք չունի: Օրերս Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցում Գարիկ Սարգսյանն ասել է, որ իր երկու ազգականներին պաշտոնների է նշանակել ոչ թե այն բանի համար, որ այդ մարդիկ իր հարազատներն են, այլ որովհետեւ լավ մասնագետներ են: 

Առհասարակ միտում չունենալով կասկածի տակ դնելու նրա ազգականների մասնագիտական հմտությունները՝ ուզում եմ հիշեցնել ընդամենը, որ նախկին պաշտոնյաները նույնպես այդ արդարացումն էին բերում այն քննադատություններին ի պատասխան, թե ինչու են յուղոտ պաշտոններին իրենց ազգականներին նշանակում: Նախկինների նման աշխատաոճը հասարակությունը տանել չէր կարողանում, մեկ տարի առաջ փողոց փակող մարդիկ ասում էին, թե խնամի-ծանոթ-բարեկամ երեւույթը պետք է մերժելի լինի «նոր» Հայաստանում: Բայց այժմ, փաստորեն, լավ էլ տեղ ունի, իսկ մարդիկ դրան նորմալ են վերաբերվում: Պարոն Գարիկ Սարգսյանի մեկ այլ ազգականի պաշտոնի նշանակելը սակայն անհետեւանք չանցավ: Ավշարի դպրոցում թե ուսուցչական կոլեկտիվը, թե աշակերտները, թե նրանց ծնողները չէին համակերպվում ընտրված տնօրենի եւ ուսմասվարի հետ (վերջինս Սարգսյանի մորաքրոջ հարսն էր): Մեր տեղեկություններով՝ տնօրենը Սարգսյանի հովանավորությամբ պատահաբար չէր նշանակվել: Պարզվում է՝ հղի կնոջը հեռահար նպատակներով է աջակցել, որ ֆիզարձակուրդ գնալուց հետո իր ուսմասվար ազգականը տնօրեն դառնա: Ընդամենը մի քանի օր պաշտոնավարած տնօրենը, սակայն, հանրային ճնշման տակ հրաժարական տվեց, մարզպետի «պլան Բ- ն» կիսատ մնաց, փոխարենն իմացանք ազգականին պաշտոն տալը հին ու նոր Հայաստան չի ճանաչում»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ի հայտ կգան «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի սպանության հետ կապված մանրամասներ, որոնք լույս կսփռեն այս գործի վրա: Հիշեցնենք, որ գրեթե երեք տարի առաջ Մոսկվայում սպանվեցին ՀՀ երկու քաղաքացիներ՝ Արմեն Իսրայելյանը եւ Էդուարդ Նշանյանը: Նրանք երկուսն էլ աշխատել էին հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանինպատկանող ընկերություններում, իսկ Իսրայելյանը Ալեքսանյանին մեղադրում էր իրեն առեւանգելու եւ ունեզրկելու մեջ: Այդ սպանությունների պատասխանատուները այդպես էլ չբացահայտվեցին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին