168.am-ը գրում է. «Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ փոխվում է»,- այս մասին այսօր կայքի հետ զրույցում համոզմունք հայտնեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումներին:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Թուրքիայի կառավարությունը հարգանքով է վերաբերվում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Ռուսաստանի ցանկությանը: Նա նաև նշել էր, որ հարաբերությունները ՌԴ-ի և Թուրքիայի միջև Սիրիայի, Իրաքի և Միջերկրական ծովի տարածաշրջանի հարցում շատ կարևոր են:
Չավուշօղլուն ընդգծել էր, որ և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան միասնական դիրքորոշում ունեն Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում և միակարծիք են խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու մտադրության մեջ: Այս հանդիպումից անմիջապես հետո Չավուշօղլուն ուղևորվել էր Ադրբեջան՝ իր պաշտոնակցի հետ հանդիպման նպատակով, որի ընթացքում նախատեսվում է անդրադարձ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին ևս:
Ստանիսլավ Տարասովը կարևորեց ապրիլյան պատերազմից հետո Թուրքիայի ղեկավարության փոփոխված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Նա հիշեցրեց, որ Թուրքիան քննադատում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, հեղինակազրկելով նաև դրանում Ռուսաստանի մասնակցությունը, մեղադրելով միջնորդական առաքելությանն անգործության մեջ, խրախուսելով ադրբեջանական սադրանքները շփման գծում:
Սակայն, ըստ Տարասովի, չի բացառվում, որ Չավուշօղլուն Բաքու է մեկնել ռուսական հանձնարարականով՝ ադրբեջանական կողմի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ որոշակի համաձայնություններ ձեռք բերելու նպատակով: Փորձագետն ակնարկեց, որ այդ համաձայնությունները կարող են վերաբերել հետաքննության մեխանիզմների ներդրմանը, որոնց առաջարկով, ըստ Մարիա Զախարովայի, Ռուսաստանը հանդես էր եկել դեռևս 2011թ.: Տարասովի խոսքով, չի բացառվում, որ անուղղակի առանցք է ստեղծվում Մոսկվա-Անկարա-Բաքու, որն ուղղված է հակամարտության թեժ փուլի կանխարգելմանը, քանի որ, ռուս վերլուծաբանի հավաստիացմամբ, Ռուսաստանին այսօր ամենևին ձեռնտու չէ նոր հակամարտության բռնկում իր սահմանների հարևանությամբ, հատկապես՝ Ղարաբաղյան գոտում, որը կրկին վտանգի տակ կդնի ռուս-թուրքական հարաբերությունները, ինչը Թուրքիան չափազանց լավ է հասկանում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում