▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կանեիք դուք, եթե ձեր երեխային ժամկետանց կերակուր տային. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված անակնկալ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն:

Հովիկ Աբրահամյանին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: 
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները հաստատության տնօրենի և աշխատակիցների ներկայությամբ վարչապետին են զեկուցել իրենց կողմից բացահայտված փաստերը, ըստ որոնց՝ դասընթացների ժամանակ դաստիարակը գրչով հարվածել է աշակերտներից մեկի ձեռքերին, անվայել արտահայտություններով դիմել նրան: ՄԻՊ գրասենյակի կողմից մի քանի անգամ հաստատությունում բացահայտվել են նաև ժամկետանց սնունդ և սննդի պահման պայմանների խախտումներ: 
Ներկայացվածի հետ կապված տնօրենը նշել է, որ նկատողություն են ստացել պահեստապետը և դաստիարակը: 
Դիմելով տնօրենին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Եթե մի բան կապված է երեխաների հետ, ի՞նչպես կարելի է նման վերաբերմունք ցուցաբերել: Օրինակ, եթե յուրաքանչյուրիս երեխան, ելնելով սոցիալական ծանր վիճակից, գնում է գիշերօթիկ դպրոց, իսկ մանկավարժները նման վերաբերմունք են ցուցաբերում: Ի՞նչ կանեիք դուք, ի՞նչպես կվարվեիք, եթե ձեր երեխայի նկատմամբ այդպիսի վերաբերմունք լիներ. նրան ժամկետանց կերակուր տային, խփեին ձեռքերին: Չեմ հասկանում, ի՞նչ մոտեցում է, ո՞վ է այդ իրավունքն ընդհանրապես ձեզ վերապահել: Ի՞նչ է նշանակում նկատողություն տալ: Պետք է անմիջապես մեղավորներին ազատեիք աշխատանքից: Ես շատ խիստ եմ լինելու ձեր բոլորի նկատմամբ և շատ մարդիկ ազատվելու են աշխատանքից»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ հաստատություն այցելելու համար և նշել, որ դրա շնորհիվ գիշերօթիկի երեխաների ճակատագիրը կարող է փոխվել: 
Իր հերթին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ համակարգում վերահսկողության և մոնիթորինգի հետ կապված ներդրվում է ամբողջական համակարգ, ձևավորվում է տեղեկատվական միասնական շտեմարան, որտեղ բոլոր նման հաստատությունների համար հաստատվելու է նաև միասնական սննդակարգ: 
Ամփոփելով՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ նման վերաբերմունքը երեխաների նկատմամբ պետք է բացառել, իսկ խնդիրը գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ ներկայացված խնդրին տալ համարժեք լուծում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ կրթական հաստատություններում նման երևույթները բացառելու համար: 
Վարչապետը շրջել է նաև հաստատությունով, եղել ճաշարանում, զրուցել աշակերտների հետ: 

 

Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը 
 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին