▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ փաթեթ էր բերել Սերգեյ Լավրովը. ԱԳ նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատասխանել է լրագրողների հարցերին՞

Հարց. Ի՞նչ փաթեթ էր բերել, պարոն Նալբանդյան Սերգեյ Լավրովը։ Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ի՞նչու է գաղտնի պահվում։

Էդվարդ Նալբանդյան. Բանակցությունների մասին մենք տեղեկացրեցինք Լավրովի հետ մամլո ասուլիսի ժամանակ, որևէ գաղտնի բան չկա: Ադրբեջանի լայնածավալ ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով բանակցություններին լուրջ վնաս է հասցվել, և եռանախագահների, միջազգային հանրության հետ համատեղ պետք է ջանքեր գործադրենք, որ բանակցություններին, խաղաղ կարգավորմանը հասցված այդ հարվածը հնարավոր լինի հաղթահարել: Չնայած շատ դժվար է հաղթահարել, որովհետև կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է։ Եվ միջազգային հանրությունը այսօր դրանով է զբաղված, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին կարգի հրավիրել և բերել կառուցողական դաշտ, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները շարունակել, քանի որ բանակցություններին այլընտրանք չկա:

Հարց. Ի՞նչ փաթեթ էր բերել Լավրովը:

Էդվարդ Նալբանդյան. Փաթեթ գոյություն չունի, և Լավրովը դրա մասին հայտարարեց, և շինծու ինչ-որ հարցեր պետք չէ տալ:

Հարց. Ինչ առաջարկնե՞ր էր բերել Լավրովը:

Էդվարդ Նալբանդյան. Ասեկոսեների, բամբասանքների հիման վրա վերլուծություններ և եզրակացություններ պետք չէ անել։ Լավրովն ինքը հայտարարեց, որ այսօր ջանքերը պետք է ուղղված լինեն հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, վստահության միջոցների ձեռնարկմանը, որպեսզի հնարավոր լինի ապահովել կայունությունը և անվտանգությունը տարածաշրջանում, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցությունները շարունակելու նպատակով: …

Հարց. Իսկ ի՞նչ առաջարկներ էր բերել պարոն Լավրովը։

Էդվարդ Նալբանդյան. Դուք արդեն հինգերորդ անգամ եք հարցնում ինչ-որ առաջարկների կամ ինչ-որ փաթեթի մասին: Այդպիսի փաթեթ Լավրովը չի բերել:

Հարց. Իսկ փոխզիջումների մասին խոսք գնացե՞լ է։

Էդվարդ Նալբանդյան. Ի՞նչ փոխզիջումների մասին։

Հարց. Տարածքների հետ կապված:

Էդվարդ Նալբանդյան. Այդպիսի բան չի քննարկվել Լավրովի այցի ժամանակ:

Հարց. Իսկ ընդհանրապե՞ս։

Էդվարդ Նալբանդյան. Իսկ ընդհանրապես կան առաջարկներ եռանախագահների կողմից, որոնք արվել էին Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների մեջ, որոնց հիման վրա Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ կարող է շարունակել բանակցությունները, կարող է գնալ կարգավորմանը, իսկ Ադրբեջանը անտեսում է դրանք: Սա է իրականությունը և սա է պատճառը, որ միջազգային հանրությունը պետք է փորձի հնարավորինս անել, որպեսզի Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ։

Հարց. Կարգավորումը տարածքների հաշվի՞ն է լինելու։

Պատասխան. Կարգավորումը լինելու է այն հիմքի վրա, ինչի մասին բազմիցս հայտարարել էր Հանրապետության Նախագահը, նաև արտգործնախարարը։ Նոր բաներ պետք չէ հնարել։ Արված առաջարկները, եթե ձեռնտու լինեին Ադրբեջանին, ապա նա ինքն իրեն չէր մտցնի փակուղու մեջ, և չէր գնա նոր ռազմական գործողությունների։

Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում, այդ պատճառով փորձեց ռազմական ճանապարհով ինչ-որ լուծումներ գտնել, ռազմական ճանապարհով էլ ձախողվեց: Բաքուն ստիպված է լինելու վերադառնալ բանակցությունների սեղան, որովհետև այլընտրանք չկա, այլ ճանապարհ չկա, բանակցությունները պետք է շարունակվեն։

 

ՀՀ ԱԳՆ կայքից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին