▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսել Սերժ Սարգսյանը Մոսկվայում. ԼՂՀ նախագահի խոսնակի արձագանքը

1in.am-ը գրում է.

«Շատ կարևոր է, որ կատարվեն ԼՂ հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք դրան պատրաստ ենք»,- Մոսկվայում այսօր կայացած հանդիպման ժամանակ դիմելով Վլադիմիր Պուտինին՝ ասել է Սերժ Սարգսյանը։ Թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, արդյոք դրանք նոր պայմանավորվածություններ են, Սերժ Սարգսյանը չի մանրամասնել, ինչը տարբեր մեկնաբանությունների պատճառ է դառնում։

Կայքը փորձեց պարզաբանում ստանալ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից։ Վերջինիս խոսքով՝ Սերժ Սարգսյանի նշածը թերևս վերաբերում է համանախագահող երկրների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածություններին, որոնք վերաբերում են զինադադարի ռեժիմի խախտումների վերհանման և կանխման մեխանիզմների ներդրման շուրջ ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածություններին։ «Ինչպես գիտենք, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ որ կրկին ուժի մեջ մտան 1994-1995 թվականի զինադադարի մասին պայմանագրերը, միջնորդ երկրները հատուկ ուշադրություն սկսեցին դարձնել զինադադարի ռեժիմի խախտումների վերհանման և կանխման մեխանիզմների աշխատանքներին։ Հետևաբար այստեղ էլ հիմնական շեշտը դրվում է հենց դրա վրա։ Հենց այդ մեխանիզմների ներդրման շուրջ է, որ եղել է պայմանավորվածություն»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ Արցախը նույնպես պատրաստակամ է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Մինչդեռ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի խոսքը սրան է վերաբերում, քանի որ սա նոր պայմանավորվածություն է։ Մնացած բոլոր խնդիրները ապագայի խնդիրներ են։ Պետք է սկսել այս ստորին հարցերից, որոնք ևս կարևոր են։ Եթե վստահության, խաղաղության և կայունության պահպանման մեխանիզմները չներդրվեն, դրանց հենքի վրա հնարավոր չի լինի այլ խնդիրներ կարգավորել»,- ընդգծեց ԼՂՀ նախագահի խոսնակը։

Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի նշած պայմանավորվածությունները վերաբերում են վերջին շրջանում շատ քննարկվող տարածքների հանձնմանը կամ փոխզիջումային տարբերակներին։ «Երբ մենք խոսում ենք փոխզիջումային տարբերակներից, այս ամենը մենք պետք է մշակենք։ Ադրբեջանն ինքը պետք է հասկանա, թե ինչ է փոխզիջումը։ Իրենք փոխզիջման տակ հասկանում են զիջում, որը ճիշտ չէ։ Հյուսիսային Արցախի խնդիր կա, Շահումյանի, Գետաշենի, այս տարածքները մենք համարում ենք մերը։ Փոխզիջման դեպքում այս տարածքների կարգավիճակը որը պետք է լինի, ում պետք է պատկանի։ Սա այնքան բարդ խնդիր է, որը միակողմանի չէ, ու եթե Ադրբեջանը պատրաստ է խոսել տարածքների հանձնման մասին մեր կողմից, ապա ինչը պետք է պատրաստ լինի խոսել նաև իմ նշած տարածքների մասին»,- ասաց Բաբայանը՝ չհստակեցնելով, թե արդյոք Սերժ Սարգսյանի խոսքը կարող էր տարածքների հանձնմանը վերաբերել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին