▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչն էր բանկի աշխատակցի ինքնասպանության պատճառը. «Ժողովուրդ»

Օգոստոսի 3-ին «Հաղթանակ» կամրջից նետվելով ինքնասպան էր եղել «Արարատբանկ»-ի Ամիրյան փողոցում գտնվող մասնաճյուղի կառավարչի տեղակալ, 58-ամյա Միքայել Քերոբյանը: Նրա հարազատների շրջանում խոսակցություններ կան, որ Միքայելի  այս քայլը, միգուցե, կապված է սիրուհու հետ:

 

Ըստ շրջանառվող լուրերի, Միքայել Քերոբյանը ինքնասպանությունից մեկ օր առաջ աշխատանքի չի գնացել: Տեղեկություններ էին տարածվել, որ Միքայելը լուրջ պարտքեր է ունեցել, սակայն նրա հարազատներին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, ինքնասպանը ոչ մի պարտք չի ունեցել: Ավելին, ըստ հարազատների՝ նա է միշտ ուրիշներին պարտքով գումար տվել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Միքայելն ունի երկու երեխա: Որդին նոր է  վերադարձել բանակից, իսկ դուստրն այս տարի է ավարտել դպրոցը: Այսպիսով` եթե պարտքեր չուներ, ու բացի այդ` զբաղեցնում էր բավականին բարձր պաշտոն, տարակուսելի է, թե ինչը կարող էր  նրան դրդել ինքնասպանության: Ըստ բանկի կառավարչի տեղակալի հարազատներին մոտ կանգնած աղբյուրների` հնարավոր է` Միքայելին  այդ քայլին հասցրել է նրա սիրուհին:

Նկատենք, որ սա միակ դեպքը չէ, երբ նշված բանկի աշխատակիցներն առեղծվածային պայմաններում մահանում են: Դեռեւս 2009թ. ԱՄՆ-ում՝ Գլենդել քաղաքում սպանվել էր «Արարատբանկ»-ի նախկին աշխատակից Արա Տերունյանը: «Գլենդել Նյուզ Պրես»-ի փոխանցմամբ՝ Նորդ Հոլիվուդ թաղամասում 35-ամյա Տերունյանն ու նրա կինը իրենց «Լեքսուս SUV» մակնիշի մեքենայում նստած սպասելիս են եղել բժշկին, երբ մարդասպանը մոտեցել եւ կրակել է նրանց վրա: Ականատեսների պատմելով՝ 7 կրակոց է արձակվել: Մարդասպանը սպանությունից հետո հեռացել է իր կապույտ գույնի, առանց համարանիշերի մեքենայով: Մեկ այլ ականատես էլ ոստիկանությանը հայտնել է, որ մարդասպանը եղել է սեւամորթ, մոտ 180 սմ հասակով: Տերունյանի ընկերը՝ Հովիկ Դադասյանը, կայքին տեղեկացրել է, որ Արա Տերունյանի կինը հղի է եղել: Ըստ Դադասյանի՝ Արա Տերունյանը ժամանակին  աշխատել է նաեւ Հայաստանի կենտրոնական բանկում: Ի դեպ, «Արարատբանկ»-ից NEWS.am-ին հայտնել էին, որ Արա Տերունյանն իրենց բանկում աշխատել է սպանությունից  6-7 տարի առաջ` որպես տնօրենի տեղակալ: Հիշեցնենք, որ «Արարատբանկ»-ի սեփականատերը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն է, ով Սերժ Սարգսյանի հետ ունի քավորսանիկական հարաբերություններ:

Հեղինակ` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին