«Դժվար է ասել` որևէ քննարկում լինում է, թե ոչ: Թափանցիկ ոչինչ չի արվում: Կա Հանրային խորհրդի և Քաղաքապետարանի բացասական վերաբերմունքը»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում խոսելով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման մասին` ասաց արվեստաբան, Արվեստի քննադատների ազգային ասոցացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի` խնդրին անդրադառնալիս արված հայտարարությանը, թե այդ տարածքում այգի և մակետ է լինելու, Ռուբեն Արևշատյանն այս ամենի մեջ հակասութուն է տեսնում:
«Այգի ստեղծելու և մակետը դնելու մասին վարչապետի խոսքը, որքան հասկացանք, օրինակ էր ուղղակի: Օրիգինալը քանդելը և փոխարենը մակետ տեղադրելն արդեն խնդրահարույց է»,-նշեց արվեստաբանը:
Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի խոսքով սա մի ամբողջ ժամանակաշրջանի պատմություն է և այդ ժամանակաշրջանի համար լավագույն գործն է, իսկ շենքը ընդամենը խնամքի կարիք ունի:
Ճարտարապետ Զոհրաբ Բաուերի խոսքով էլ մենք խնդիր ունենք իրավական դաշտում, որ պետք է լուծենք, քանի որ ոչ մի շահագործող չի մտածելու այս մասին:
Սարհատ Պետրոսյանի կարծիքով էլ ելակետ պետք է ընդունել շենքի պահպանությունը և լուծումներ գտնել:
Ինչ վերաբերում է հանրային քննարկումներին, ապա ճարտարապետը համոզված է, որ պետք է այս ամենը լինի մինչ որոշում ընդունելը և ոչ թե հակառակը:
Բանախոսների հավաստմամբ` կան հանգույցներ, որոնք պարզապես, ասենք խոնավության պատճառով քայքայվել են, բայց, սա քանդման հիմք չի կարող հանդիսանալ: Այստեղ հարց է ծագում, թե ինչո՞ւ է վարձակալը շենքը հասցրել այս վիճակին, պարզապես պետք էր խնամել, ուրեմն միտում գոյություն ուներ:
Անի Կարապետյան