Օրերս հայկական լրատվամիջոցներում լուրեր են տարածվել երգիչ, դերասան Արման Նշանյանի և դաշնակահարուհի Աննա Սարկիսովայի ամուսնացած լինելու մասին: Թեմային անդրադառնալով` esyes.am-ը գրում է` պարզվում է, որ զույգը երեք տարի ամուսնացած են եղել, ինչից հետո Արմանն ու Աննան բաժանվելու որոշում են կայացրել:
«Երբ ապրում և սովորում էի Վիեննայում, ուսանողական հանրակացարանում նույն ժամանակահատվածում ապրում և սովորում էր Արմանը, ով հետո պիտի իմ ամուսինը դառնար: Ես նրան հանդիպել եմ շատ պատահաբար: Մի օր ընկերուհիս ասաց, որ մի երիտասարադ օպերային երգիչ կա Արման անունով, ով ապրում է 306 սենյակում և խնդրեց, որ ծանոթանամ նրա հետ, որովհետև այնտեղ հայերը շատ քիչ էին, նա էլ շատ էր ուզում, որ մենք հայերի հետ ընկերանայինք: Նա ինձ ասաց, որ այդ սենյակի կողքով անցնելիս անպայման մտնեմ նրա հետ ծանոթանալու համար: Մի օր էլ, ընկերուհուս հետ նրա սենյակի կողքով անցնելիս ընկերուհիս շատ պնդեց, որ դուռը թակեմ և մտնեմ ներս, չնայած, որ ես ուշանում էի փորձից, թակեցի և մտանք: Մեզ դիմավորեց Արմանի մայրը, շատ ջերմ ընդունելություն կազմակերպեց: Սկսեցինք ավելի հաճախ շփվել: Արմանը Վիեննայում էր՝ դասեր վերցնելու նպատակով, և ինձ էլ խնդրեց, որ նվագակցեմ իրեն: Չնայած իմ շատ զբաղված գրաֆիկին, ես համաձայնեցի և սկսեցինք համագործակցել:
Այդպես սկսվեցին մեր սիրային հարաբերությունները: Եկավ ժամանակը, երբ ես եկա Հայաստան, իսկ Արմանը մեկնեց ԱՄՆ: Մենք շատ ծանր տարանք բաժանումը: Ես վստահ էի, որ երբեք չեմ տեսնի նրան: Բայց անցավ երկու ամիս նա զանգահարեց և ասաց, որ գալիս է Հայաստան: Եկավ և ամուսնության առաջարկ արեց: Հենց այդ ժամանակահատվածում ես կանգնած էի երկընտրանքի առջև. կա՛մ մեկնել Նյու Յորք «Julliard School of Music» դպրոց, որտեղից սովորելու առաջարկ էի ստացել, կա՛մ ընտրել Արմանին, կարելի է ասել՝ ընտանիք և կարիերա ընտրության առջև էի կանգնած: Այդ պահին ես կյանքս կարող էի պատկերացնել առանց կարիերայի, բայց ոչ երբեք առանց Արմանի: Ամուսնացանք Հայաստանում, այնուհետև մեկնեցինք ԱՄՆ, որտեղ կազմակերպեցինք մեր հարսանիքը: Ես և Արմանը ամուսնացած ենք եղել երեք տարի, որից առաջ միասին ենք եղել ևս երկու տարի: Ցավոք, եկավ մի ժամանակաշրջան, երբ հասկացանք, որ շտապել ենք ամուսնության հարցում, եղան բնավորությունների բախումներ և մենք բաժանվեցինք: Ամերիկայում ես երկու տարի շատ կտրված էի իմ արվեստից: Հասկացա, որ չեմ կարող ապրել առանց իմ երաժշտության, դա այն է, ինչով ես ապրում ու շնչում եմ , երկար չկարողացա հեռու մնալ այն ամենից, ինչն ինձ ուժ է տալիս և երջանկացնում է»,-esyes.am-in պատմել է դաշնակահարուհին:
Արմանի և Աննայի ամուսնության մասին պարզ է դարձել դաշնակահարուհու՝ zham.am-ին տված հարցազրույցից հետո: Արմանը նախկինում չի խոսել ամուսնացած լինելու մասին, ինչը մեկնաբանվում է այն փաստով, որ ճիշտ չէ, երբ տղամարդն է առաջինը խոսում իր և նախկին կնոջ հարաբերությունների մասին: