«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքում կարծես թե ձեւավորվում է նոր կատեգորիա՝ Սերժ Սարգսյանից նեղացածների կատեգորիա: Համենայնդեպս, մամուլն ու փորձագիտական հանրությունը հենց այդ գնահատականով են դիտարկում առնվազն երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ Սեյրան Օհանյանին եւ Հովիկ Աբրահամյանին:
Միաժամանակ, խոսվում է նաեւ, որ կլինեն նոր նեղացածներ ՀՀԿ-ից, որոնք կարող են նաեւ լքել կուսակցությունը: Որ կա նման կատեգորիա, ընդգծեց նաեւ Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի իր ելույթում, որտեղ նշում էր, թե որեւէ մեկին չի գնահատում անձնական տեսանկյունից եւ ամեն ինչ կախված է ընդհանուր խնդիրներից եւ աշխատանքի արդյունավետությունից, իսկ ավելորդ արտոնյալության հավակնություն չպետք է ունենա ոչ ոք: Սակայն, չնայած դրան, Սերժ Սարգսյանից «նեղացածների» ալիքը ունի շարունակության մեծ հավակնություն, անկախ դրա հնարավոր դրսեւորումներից:
Այսինքն՝ դրսեւորումները կարող են տարբեր լինել, այսինքն՝ մեկը կարող է դուրս գալ ՀՀԿ-ից եւ մտնել ընդդիմադիր կերպարի կամ հունի մեջ, մյուսը կարող է դուրս գալ եւ ոչ մի տեղ չմտնել, մյուսն էլ կարող է դուրս չգալ եւ ուղղակի մտնել մի անկյուն եւ փորձել «լուռ նեղանալ», ավելորդ ռիսկեր չառաջացնելու համար: Սակայն, նեղացածության երեւույթը ամենայն հավանականությամբ կշարունակվի այնքան, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հայտարարի իշխանությունից իր հեռանալու մասին: Խնդիրն այն է, որ Սարգսյանը ներկայումս սկսել է այսպես կոչված՝ սերնդափոխության մի գործընթաց, բարեփոխումների անվան տակ, որի նպատակը, սակայն, իրականում ոչ թե համակարգային բարեփոխումներն են, այլ 2018-ից հետո իշխանությունը պահպանելու խնդիրը:
Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ըստ էության հրապարակային մակարդակում շեշտադրում է հնի հեռանալու եւ նորի գալու «հավաքական շահերից» բխող անհրաժեշտությունը, սակայն իրականում բոլորն են հասկանում, որ Սերժ Սարգսյանը իրենց հեռացնում է ոչ թե հավաքական, այլ անձնական շահերի համար, այսինքն՝ իրենցից պահանջելով չցուցաբերել անձնական որեւէ հավակնություն կամ արտոնության ակնկալիք չունենալ, սակայն դա անում է հենց ինքը՝ փորձում է իրենց հաշվին, հնի փոխարեն նորի հաշվին լուծել անձնական իշխանության խնդիր:
Համենայնդեպս, դա այդպես է, քանի դեռ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր ծրագրերը կախված են 2017 թվականի ընտրության արդյունքներից: Այդ իրավիճակը անխուսափելի է դարձնելու ՀՀԿ-ում նրանից նեղանալու գործընթացի շարունակությունը եւ ակնհայտ է, որ ընդհանուր շահի փաստարկը, որ բերում է Սարգսյանը, այս պահին մեղմ ասած՝ համոզիչ չէ: Խնդիրն այն է, թե ում որ պահին է առնչվելու Սարգսյանի անձնական շահերից բխող անհրաժեշտությունը՝ այս կամ այն տեսքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում