▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ ենք գլխապատառ վազում մի կեղծ կառույց, որը մեզ համար պատուհաս է դառնալու

Ինչու՞ ենք գլխապատառ վազում ԵՏՄ

Իրատես լինելու ժամանակը: Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը, որը փաթաթվեց մեր վզին, մինչև օրս բազմաթիվ «առեղծվածների» ու գաղտնիքների վրա է հենված: Մինչև օրս ոչ ոք չի փորձել գոնե պարզ ու մատչելի ձևով ներկայացնել տնտեսական օգուտներն ու առավելությունները, որոնք մեզ տալու է այդ միությունը: Ոչ ոք չի փորձել հրապարակավ ու ազնվորեն խոսել օգուտների ու վնասների, սպասվող մարտահրավերների մասին՝ այսպես ամեն ինչ պահելով գաղտնիքների վարագույրի հետևում: ԵՏՄ հակառակորդների առջև փակվում են շատ դռներ, նրանց պարզաբանումներն ու մեկնաբանությունները համարվում են արևմտամետության դրսևորումներ, իսկ ահա ԵՏՄ կողմնակիցները, հաճախ նաև անցնելով ամենապարզ շանտաժի, դիֆիրամբներ են երգում, փառաբանում ու գովերգում՝ թաքցնելով մեծագույն ճշմարտությունները հանրությունից:

 Ուրեմն, գոնե մեկ անգամ պետք է իրատես լինել, գոնե մեկ անգամ պետք է ազնվորեն խոսել ու ասել այն, ինչը խնամքով թաքցվում է: Ամենապարզ ճշմարտությունն այն է, որ ԵՏՄ-ն չունի տնտեսական հեռանկար և տնտեսական հայեցակարգ: Մենք համակողմանիորեն քննեցինք ԵՏՄ համաձայնագիրը, այն ձևավորելու հայտարարությունը և չգտանք հայեցակարգային և հեռանկարային որևէ դրույթ: Ամեն ինչ հենվում է պարզունակ հայտարարության վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանը, որպես այդ միության անդամ երկիր, չի կարող ակնկալել որևէ տնտեսական հեռանկար, չի կարող իր տնտեսությունը կառուցել որոշակի հայեցակարգերի վրա: Երբ այդ հայեցակարգը բացակայում է, միամտություն է խոսել սեփական տնտեսության և ԵՏՄ ինտեգրման մասին:

Հետևաբար, ի՞նչ հաշվարկներ են արվել, ի՞նչ տրամաբանությամբ է Հայաստանն անդամագրվում մի միության, որի հենքում բացակայում է նաև ինտեգրման գաղափարախոսությունը: Որո՞նք են ինտեգրման այն նախապայմանները և երաշխիքները, որոնք առաջարկում է ԵՏՄ-ն: Դրանք, ըստ էության, բացակայում են, չկան: Այսինքն, Հայաստանը միանում է կեղծ դրույթների վրա հենվող մի միավորման, որն արտաքուստ իրեն ներկայացնելով որպես տնտեսական միություն, այնուամենայնիվ քաղաքական պարտավորությունների միություն է՝ ծառայող երկու պետության շահերին:

Այս միության առանցքը կազմող Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը համաշխարհային տնտեսական զարգացումներից գրեթե մեկուսացած երկրներ են, Ռուսաստանն այսօր իր վրա է կրում պատժամիջոցներ՝ օրավուր մեկուսանալով և համաշխարհային տնտեսության մեջ կորցնելով իր ազդեցություններից: Սա նշանակում է, որ Հայաստանը մաս կազմելով այս միությանը, նույնպես հայտնվելու է յուրատեսակ մեկուսացման մեջ, չի ունենալու համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու հնարավորություններ:

Այս միավորումը մեծ վտանգ է ներկայացնում միջազգային տնտեսական կարգին, խաթարում է միջազգային անվտանգության շատ դրույթներ: Եվ պատժամիջոցները պայմանավորված են այս ամենով: Հայաստանը միանում է նման կառույցի՝ ինքն էլ աշխարհի աչքին ներկայանալով որպես հիշատակվածի կրող, զրկվելով այլընտրանքային որոշումներից, սեփական տնտեսական քաղաքականություն վարելու պայմաններից: 

Ի վերջո, ԵՏՄ-ին անդամակցող երկրներից չորսը դեմ է Ղարաբաղի ինքնորոշմանը, Ղազախստանը բացահայտորեն վարում է պրոադրբեջանական քաղաքականություն, հաճախ խախտում դիվանագիտական էթիկան, ի ցույց դնում իր կողմնակալությունը: Ղրղզստանը, լինելով մահմեդական երկիր, երբեք չի ելնի Ադրբեջանի դեմ, այլ համագործակցելով Ղազախստանի հետ, լուրջ վտանգ կներկայացնի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը: Բելառուսը գրավել է կրավորական դիրք՝ խորքում ամբողջապես լինելով ադրբեջանական դիրքորոշման կողմնակից: Էլ չենք խոսում Ռուսաստանի մասին, որը տարիներ շարունակ խոչընդոտել է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, իսկ վերջին շրջանում հանդես է գալիս որպես Ադրբեջանին դրդող ու հուշող, նպաստում ադրբեջանական բանակի սպառազինությանը…
Ուրեմն, ինչու՞ ենք գլխապատառ վազում մի կեղծ կառույց, որը մեզ համար պատուհաս է դառնալու: 

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին