Գյուղատնտեսական սեզոնը սկսվել է, իսկ գյուղացին գտնվում է Կառավարության կողմից անտեսված վիճակում, քանի որ 2 տարի է դադարեցվել է պարարտանյութի, դիզվառելիքի մասով սուբսիդավորումը: Այս բովանդակությամբ հարցով այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին դիմեց Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
«Ինձ հետաքրքիր է՝ ինչու եք դուք, կներեք, լալահառաչ տոնով էդ հարցը տալիս՝ իմանալով, որ դիզվառելիքի մի շատ մեծ մասը գյուղապետարաններում, այլ շրջանակներում մսխվում, գնում էր»,- արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակեց.
«Մենք շատ պարզ բան ենք ասում. ասում ենք՝ գյուղացուն օգնում ենք աշխատել: Դուք ասում եք՝ գողությունների մեխանիզմը ինչո՞ւ եք փակել որոշ գյուղապետերի ու ճ կլասի պաշտոնյաների թողել անտեր: Լավ դենք արել, որովհետեւ տասնյակ քրեական գործեր կան դրանով հարուցված: էդ դուք հայկական մամուլում չե՞ք կարդացել՝ սալյարկաները ինչ բարձրաստիճան պաշտոնյաների էին բաժին հասնում: Եվ երկրորդը՝ չե՞ք կարդացել, որ դիզվառելիքը, որ տալիս էինք բաժանվում էր ըստ հեկտարների, հողամասերի: Ստացվում էր, որ մեծ հողամասեր ունեցողները շատ վառելիք ու սելիտրա էին ստանում, եւ այլն, եւ այլն, եւ ստացվում էր, որ մենք օլիգարխներին ենք ֆինանսավորում: Եկել, ասում եք՝ գյուղացին մնացել է մենակ: Էդ ո՞ր գյուղացին: Մենք գյուղացիների համար տասնյակ ծրագրեր ենք անում, գումարներ ենք հետ տալիս: Էսօր ներկայացրել եմ՝ 11-ից ավելի ծրագիր է: Մենք զագզացման ծրագրեր ենք իրականացնում գյուղում: Մենք ուզում ենք գյուղացուն զարգացման այնպիսի տրամաբանության մեջ դնել, որ նա, էսպես ասած, օգնության կարիք չունենա, կամ երբ որ օգնության կարիք լինի՝ հասցեական գնա հասնի հասցեատերերին»:
Փաշինյանը ընդգծեց, որ այդ «օգնությունները» անարդյունավետ պետական ծախս էին, դրանցից օգտվում էին խոշորները՝ օրինական հիմքով, իսկ մյուսների դեպքում դա դառնում էր ընտրությունների, հանրաքվեի խոսակցությունների հիմք:
«Ով որ ձեզ խնդրել է էդ հարցը տաք, ճիշտ կլինի անունը փոխանցեք, գնանք տեսնենք նախկինում քանի տոննա դիզվառելիքի բաշխմամբ է զբաղվել, հիմա ինչ գույքի ու եկամտի է տիրապետում: Մենակ չասեք, որ խեղճուկրակ գյուղացին է ձեզ դիմել»,- դիմելով պատգամավորին՝ ասաց վարչապետը:
Ի պատասխան Եղիազարյանն ասաց, թե համամիտ է վարչապետի հետ, մտածում էր, թե 2 տարում լուծված է համարվելու չարաշահումներ թույլ տվածների հարցը եւ շարունակելու են օժանդակել գյուղացուն:
Վարչապետն ասաց, որ թեեւ համակարգային կոռուպցիան վերացել է, բայց այսօր եւս գողանալու դեպքեր լինում են, ամեն օր կոռուպցիայի մեջ, կաշառակերության մեջ մեղադրվող, այդ թվում գործող պաշտոնյաներ են ձերբակալվում»:
«Չեմ կարծում, թե 30 տարի արմատավորված կոռուպցիոն համակարգը պետք է 1 տարում սենց մինչեւ վերջ արմատախիլ անեինք: Այո, համակարգային կոռուպցիա ՀՀ-ում չկա, բայց չի նշանակում, որ մանր գողացողները, տեղ-տեղ՝ խոշոր վերավել են: Կարող եք վստահ լինել, որ բոլորի հետեւից գնալու ենք»,- ասաց Փաշինյանը:


