▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին․ դա ես չէ, որ պետք է ասեմ»

«Իրավունք» թերթը գրում է. «Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանից փորձել ենք հետաքրքրվել, թե ի՞նչ իրավիճակ է Գյումրիում, եւ ահա, Սրբազանի խոսքերով․

-Այն որ Գյումրին այսօր ղեկավար չունի, դա իհարկե, լավ չէ, բայց դա Գյումրու մաքրության, աղբահանության ու մնացած կոմունալ ծառայությունների վրա չի անդրադարձել, նորմալ ընթանում են, պարզապես կան թղթաբանության հետ կապված որոշ հարցեր, որոնք անհարմարություններ են առաջացնում, բայց ընդհանուր առմամբ։  Պարզապես այս իրավիճակը իշխանությունների կողմից է ստեղծվել, որպեսզի դրա համար մեղադրեն քաղաքային իշխանություններին, ովքեր հրաժարական տվեցին։

-Սրբազան, ՔՊ-ն արդեն իսկ հայտարարել է իրենց թեկնածուի անունը, ի՞նչ շանսեր ունի Կարեն Սարուխանյանը, ճանաչո՞ւմ եք։ 

-Ես այս իշխանություններին չեմ վստահում վերեւից մինչեւ ներքեւ, այս իշխանությունները ինձ համար անընդունելի իշխանություններ են։ Իսկ Ձեր նշած անձնավորությանը ճանաչում եմ, վատ բան չասելու համար իր հասցեին, ոչ մի լավ բան չեմ ասի, որովհետեւ լավ բան չկա ասելու ուղղակի։

-Սրբազան, Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաեւ 2018-ին եկեղեցու դեմ իրականացվող արշավի առաջնորդ Կարեն Պետրոսյանը, տեղյա՞կ եք։

- Աղջիկս, վարչապետը հակաեկեղեցական անձ է, ԱԺ նախագահը հակաեկեղեցական անձ է, բոլոր պաշտոններին գրեթե հակաեկեղեցականներ են, հիմա որ քաղաքապետի թեկնածուն լինի հակաեկեղեցական դրանում ինչ մի սարսափելի բան կա։

-Նկատի ունեմ նման անձնավորությունը ունի՞ հնարավորություն գյումրեցու վստահությոնը շահելու։

-Ոչ առաջին թեկնածուն Ձեր նշած, ոչ էլ այս մեկը հնարավորություն չունեն ըստ իս, եթե անշուշտ, իշխանության բոլոր լծակները չառաջադրվեն։

-Վարդան Ղուկասյանը եւս, ըստ խոսակցությունների հնարավոր է առաջադրվի, նա ունի՞ շանս ընտրվելու։

-Այո, ունի, ինչու ոչ, ավելի մեծ հնարավորություն եւ շանս ունի, քան Ձեր թցարկած նախորդ երկուսը։ Դե այս իշխանությունները ամեն ռեպրեսիվ միջոցների դիմելու են, որպեսզի իրենց թեկնածուից բացի որեւէ մեկը չմասնակցի, դա պարզ է։ Ժողովրդավարության պարոդիա ստեղծողները պատրաստ են ամեն ինչի։ 

-Բայց չէ՞ որ գյումրեցիները միշտ հայտնի են իրենց սկզբունքայնությամբ, կհաջողի՞ իշխանություններին վերընտրվել անգամ վարչական ռեսուրսի կիրառման պայմաններում։

-Գյումրեցին որքան որ սկզբունքային է, այդքան էլ պրակտիկ եւ պրագմատիկ է։ Նախկին փորձից ելնելով հնարավոր է լրիվ հակառակ արդյունքը տեղի ունենա, քանի որ Բալասանյան դաշինքը ձախողվեց չդիմանալով կենտրոնական իշխանությունների ռեպրեսիվ մեթոդներին, քաղաքի բնակչություն էլ կարող է մտածել՝ ինչո՞ւ երկրորդ անգամ նույն փոսի մեջ ընկեմ, ավելի լավ է տամ ձայնս իրենց, քան մեկ ուրիշին։ Երեւի հենց այդ մոտեցման վրա էլ իրենք հույս են դնում։

-Ի դեպ, այսօր մամուլում եղավ տեղեկատվություն, որ իշխող խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը թմրանյութի թեստ է հանձնել, որը դրական է եկել։ Դուք ասացիք, որ ճանաչում եք նրան, ի՞նչ կասեք այս մասին։

-Այդ մասին ողջ Գյումրին խոսել է մինչեւ այդ եւ ողջ Գյումրին կխոսի նաեւ դրանից հետո, իսկ մնացածը թող բժշկական քննություն իրականացնողները հերթեն կամ հաստատեն։ Բայց որ ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ, դա հայտնի բան է»:

***

«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրեցի նախկին պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը վստահ է իշխող Քաղաքացիական կուսակցության՝ Գյումրիում վերընտրվելու շանսերը զրոյական են․

-Գյումերիցիները միշտ էլ տարբերվել են իրենց խոսքով, գյումրեցուն սիրուն խոսքերով խաբել, համոզել չի լինի։ Չեմ կարծում, որ ՔՊ-ն այստեղ վերընտրվելու հնարավորություններ ունի, բայց ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք։ Տեսնենք ժամանակը գա, առաջադրումներ լինեն, կտեսնենք, ով ինչ շանսեր ունի։ Այս պահին ակնհայտ է, որ Գյումրին պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Իսկ այս պահին Գյումրիում իսկապես բոլոր ոլորտներում անտերություն է, շատ բաժնի վարիչներ հրաժարական են տվել, ու ըստ այդմ քաղաքը կաթվածահար է իր բոլոր պետական ապարատներով հանդերձ։

-ՔՊ-ն արդեն հայտարարել է, որ սատարելու է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը, նա՞ ունի ընտրվելու շանսեր։ 

-Կարենին առանձնապես չեմ ճանաչում, նրա հայրիկն է մեր թաղից, բայց առանձնապես, որ ասեմ նա մեծ շանսեր կարող է ունենալ ինքն իրենով, չեմ կարծում։ Գուցե իշխանական ռեսուրսների գործադրմամբ ինչ-ին արդյունքներ գրանցի։

-Ասում են Վարդան Ղուկասյանն էլ է ոտավորվել առաջիկա ընտրությունների համար։

-Դա այս պահին ընդամենը խոսակցությունների մակարդակով է, բայց իհարկե, պարոն Ղուկասյանը 12 տարի ղեկավարել է Գյումրին, ու հավատացեք քիչ շանսեր չունի, նորից վերընտրվելու։ Որովհետեւ Գյումրին իր ժամանակ սկսեց շունչ առնել, այդ իսկ պատճառով գրեթե վստահ եմ, որ պարոն Ղուկասյանը մեծ շանսեր ունի դառնալու Գյումրիի քաղաքապետ։

-Իսկ Դուք ինքներդ որեւէ կերպ մասնակցելու եք ընտրություններին։

-Բացառապես, որպես գյումրեցի կգնամ ընտրություններին, բայց առաջադրվել կամ այլ կերպ մասնակցել գործընթացին բացառված է, ես հիմա այսպես ասած իմ վաստակած հանգիստն եմ վայելում։ Ամեն ինչից հեռու, ես իմ հանգիստն եմ վայելում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին