▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր արտահայտություններն իր մակարդակի մասին են խոսում. ԵՊՀ-ի դեկանը՝ Լուսինե Բադալյանի մասին

Aravot.am-ը Երեւանի պետական համալսարանի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանից հետաքրքրվել է, թե ինչպես է վերաբերվում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած այն հայտարարությանը, որ պետք է «մաղել» անցանկալի դասախոսներին:

«Բնականաբար խիստ բացասական եմ վերաբերվում, ինչի արդյունքն է մեր գիտխորհրդի պահանջը, որպեսզի Երեւանի պետական համալսարանն անպայման արձագանքի, հակառակ դեպքում ստացվում է, որ յուրաքանչյուր մեկը, որ ունի որեւէ իշխանություն, կամ իրեն թվում է, որ ունի իշխանություն, իրեն իրավունք է վերապահում այդ ամբիոնից ինչ-ինչ հայտարարություններ անել: Ընդ որում, այդ ամբիոնի մասին արդեն մի քիչ կասկածանքով եմ ասում՝ հանրապետության թիվ մեկ ամբիոն, որովհետեւ այնպիսի ելույթներ, հայտարարություններ են հնչել, որ նսեմացնում է դրա արժեքը: Այդ պատգամավորը հայտարարություններ է անում, որոնք ոչ միայն վիրավորում, վարկաբեկում են ամբողջ բուհական համակարգը, որովհետեւ անհասցե են, դրա համար յուրաքանչյուր բուհ, յուրաքանչյուր դասախոս, յուրաքանչյուր ֆակուլտետ կարող է այն իր հասցեին ընդունել: Պետք է լիներ հասցեական, որ այսինչ համալսարանի այսինչ ֆակուլտետի դասախոսը, խոսքը հայտարարության երկրորդ մասի մասին է, որը վերաբերում է ապօրինի գործողություններին, որ իբր օգտվելով իրավիճակից դասախոսները գումար են վերցնում թվանշան նշանակելու համար: Դա ուղղակի հայտարարություն է հանցագործության մասին, որ տվյալ խմբակցության ներկայացուցիչը պետք է ուղիղ հաղորդում ներկայացներ իրավապահ մարմիններին եւ անվանական աներ: Իհարկե, դրա իրավական հետեւանքները տարբեր կարող էին լինել, եւ դասախոսի համար, եթե նման քայլի է դիմել, եւ պատգամավորի համար այդ հայտարարությունը կարող էր սուտ մատնության տեղիք տալ: Բայց նա ընդամենը բարձրագոչ հայտարարություն է արել՝ ի լուր ամբողջ հանրապետության, ընդ որում՝ ոլորտի պատասխանատուի ներկայությամբ եւ նրան դիմելով՝ սիրելի նախարար եւ այլն: Կարծես համաձայնության գալով իր ասածների ճշմարտացիության մեջ՝ նա արատավորել է ամբողջ համակարգը եւ առանձին դասախոսների վերցրած»,- ասել է Գագիկ Ղազինյանը:

Ինչ վերաբերում է պատգամավորի այն հայտարարությանը, որ դասախոսությունների ընթացքում քննադատական արտահայտություններ են արվում վարչապետի եւ կառավարության հասցեին, այս մասին էլ իրավաբանական ֆակուլտետի դեկանը նշել է.

«Տվյալ տիկնոջը պետք է հայտնի լինի, որ համալսարանը նույնիսկ «ամենաավտորիտար» ռեժիմների պայմաններում միշտ եղել է բաց ամբիոն, բաց խոսքի հրապարակ, եւ որեւէ մեկը, մասնավորապես այդ տրամաչափի, ինչպիսին այդ պատգամավորն է, իրեն իրավունք չի վերապահել թույլ տալ նման մեղադրանքներ ու արտահայտություններ: Այսինքն, եթե դասախոսությունների ընթացքում վարչապետին եւ իշխանություններին գովեին, դա լավ է, ողջունելի է, չի կարելի քննադատել, ու եթե քննադատում են, ուրեմն մաղման գործընթաց պետք է գնա:

Ինչ ասեմ, իր արտահայտություններն իր մակարդակի մասին են խոսում: Իրենից շատ բարձր արժանիքներ ունեցող կառույցների եւ անձանց հասցեին արվող նման հայտարարություններն ու արտահայտությունները պատիվ չեն բերում ոչ իշխանությանը, ոչ այդ ամբիոնին, ոչ տվյալ սուբյեկտին: Ամենամեղմ բնութագրմամբ եմ ասում՝ պատիվ չի բերում»:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին