▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իտալացու կոնտակտներն իրենց շենքում են մեկուսացված կամ մի մասն էլ ինքնամեկուսացված են»

Կարի արտադրամասի 500 հոգին ինքնամեկուսացման են հիմա ենթարկվել։ Այս մասին ԱԻՆ-ում հայտարարել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման բաժնի աշխատակից բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:

«Հաստատված դեպքերի բոլոր կոնտակտներին մեկուսացրել ենք արդեն. մի մասը Ծաղկաձորում, մի մասը Դիլիջանում։ Իտալացու կոնտակտներն իրենց շենքում են մեկուսացված կամ մի մասն էլ ինքնամեկուսացված են։ Կարի արտադրամասի 500 հոգին ինքնամեկուսացման են հիմա ենթարկվել։ Իրենք անընդհատ մեզ հետ կապի մեջ են։ Մեր աշխատակիցները ամեն օր զանգում եւ ճշտում են իրենց առողջական վիճակը»։

Ըստ ԱԻՆ կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության, Արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ժամանակահատվածում դեռևս չանհանգստացնող, բայց մեծաթիվ ահազանգեր է ստանում: Քաղաքացիներին առավելագույն օգտակար խորհուրդներ տալու և կանխարգելիչ օժանդակություն ցուցաբերելու համար ԱԻ նախարարության և Առողջապահության նախարարության փոխհամագործակցության շրջանակներում մարտի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հանդիպում-քննարկում:

Նախարարությունում հյուրընկալվել Էր Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի աշխատակից բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը: Հանդիպմանը ներկա էին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Բժշկական ապահովման վարչության աշխատակիցներ: Տեսակապով քննարկմանը հետևող ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն էին ուղղում համաճարակաբանին: Հանդիպման նպատակն էր «911» ծառայության աշխատակիցներին ավելի մանրամասն ծանոթացնել կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելման մեթոդները՝ բնակչությանն ավելի մատչելի և գրագետ տեղեկատվություն տրամադրելու համար:

Քննարկվեցին հնարավոր կանխարգելիչ միջոցառումները, որոնք պետք է կիրառեն փրկարարները դեպքի վայր մեկնելիս: Լուսինե Պարոնյանը տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարությունում գործում է թեժ գիծ, որը շուրջօրյա խորհրդատվություն է տրամադրում քաղաքացիներին: Ավելի մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար զանգահարել 80-03 և 060-83-83-00 թեժ գծի հեռախոսահամարներին: Նշեց նաև, որ գործում է մասնագիտական օնլայն հարթակ՝ NCDC.am, որտեղ հնարավոր է գտնել կորոնավիրուսի մասին ողջ տեղեկատվությունը:

Բանախոսը խորհուրդ տվեց համաճարակաբանական ախտանիշներ նկատելու դեպքում քաղաքացիներին ուղղորդել տեղամասային պոլիկլինիկա: ԱՆ ներկայացուցչի խոսքով՝ վիրուսի կանխարգելման լավագույն մեթոդներից մեկը շփումների շրջանակը նեղացնելն է:

Տեսանյութն՝ ԱԻՆ-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին