▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակակից գրողներին պետք չէ համեմատել դասական գրողների հետ․ԱԺ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ սովորեցինք մենք գրականության շուրջ այս օրերին ծավալված քննարկումների արդյունքում․

1. Հանրակրթության մեջ ընդգրկված թե՛ դասական, թե՛ ժամանակակից գրողների կոնկրետ ստեղծագործությունները չեն կարող դուրս մղվել այն հիմնավորմամբ, որ այդ գրողները ունեն այլ ստեղծագործություններ, որոնց լեզուն նախատեսված չէ դպրոցական տարիքի համար։

2. Հանրակրթության մեջ ընդգրկված թե՛ դասական, թե՛ ժամանակակից գրողների կոնկրետ ստեղծագործությունները չեն կարող դուրս մղվել այն հիմնավորմամբ, որ ոչ օրինակելի և ոչ խրախուսելի վարքն են նկարագրում։ Հակառակ պարագայում երիտասարդները չեն սովորի, ինչպես առերեսվել կյանքի դժվարությունների հետ և ինչպիսի դիրքորոշում ձևավորել պախարակելի երևույթների նկատմամբ։

3. Հանրակրթության մեջ ընդգրկված թե՛ դասական թե՛ ժամանակակից գրողների կոնկրետ ստեղծագործությունները չեն կարող դուրս մղվել՝ պայմանավորված այդ գրողների կենսագրությամբ։

4. Եվ վերջապես, որ ժամանակակից գրողներին պետք չէ համեմատել դասական գրողների հետ։ Դասական գրողները, որոնք իրենց ժամանակում ժամանակակից գրողներ էին և մարտահրավեր իրենց ժամանակի համար, անցել են «ժամանակի թեստը», ընտրվել պետական ինստիտուտների կողմից, սիրվել հանրության կողմից, հռչակվել դասական։ Իսկ ժամանակակից գրողների «առաքելությունն» է երիտասարդին ցույց տալ, որ արվեստը ոչ միայն արդեն նորմ դարձած հին մարտահրավերի մասին է, այլ որ իրենց շուրջ իրականությունը, իրենց առօրեականությունը նույնպես կարող է արվեստի միջոցով արտահայտվել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին