▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյաննն իշխանության է բերվել դրսի ուժերի կողմից, ուստի ապավինում է օտարների օգնությանը»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում ունեցած իր ելույթում մասնավորապես ասաց․ «Մեր կարևոր խնդիրներից է նաև այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով։ Մեր ռազմավարությունն այս հարցում շատ հստակ է․ ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4886 ընտանիքներ՝ այս պահի դրությամբ։ Մենք մեր միջազգային գործընկերների հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղության ամրապնդմանն ուղղված այս խնդիրը լուծելու համար»։ Փաշինյանը վախենում է Արցախ բառն օգտագործել, խոսել արցախցիների վերադարձի իրավունքից, այն դեպքում, երբ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է «300 հազար ադրբեջանցիների Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին։ Արցախցիները հայրենազուրկ, փախստակյան են դարձել հենց Նիկոլ Փաշինյանի մեղքով։ Այն, որ նոր են սկսում արցախցիների բնակավորման ծրագիրը, դա ևս Նիկոլ Փաշինյանի մեղքն է։ Եվրոպական խորհրդարանում ունեցած իր ելույթով Նիկոլ Փաշինյանը Եվրոպայից օգնություն խնդրեց Հայաստանում իր սասանված իշխանությունը պահելու համար։ Փաշինյանը իշխանության է բերվել դրսի հզոր ուժերի կողմից, նա սպասարկել է ու սպասարկում է օտարների շահերը, ուստի ապավինում է օտարների օգնությանը։ Սակայն մշտապես հայտարարում է Հայաստան Հանրապետության ինքնիշխանության մասին»։

Դիտեք նաև՝ 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ պետք է անի այն կառավարիչը, ով իր պաշտոնավարման ողջ ընթացքում հասցրել է հսկայական տարածքներ հանձնել, իր քաղաքականությամբ հազարավոր զոհերի պատճառ դառնալ, երկրի ներսում թույն, ատելություն և մաղձ տարածել:
Այո՛, արդարանալ, արդարանալ ու շարունակ արդարանալ:
Մարդն իր տան մի սենյակը ծախել է, մյուսը՝ խլել են, իսկ հիմա հպարտանում է, որ իրեն ստորացնողը որոշակի պարբերությամբ բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում:
Ոչինչ չի՛ մոռացվելու, ոչ մեկ պատասխանատվությունից չի՛ խուսափելու. անդարդ և ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի»:

Դիտեք նաև՝ 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոպական ամբիոնից՝ սեփական ժողովրդի դեմ
Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը դժվար է ընկալել որպես ինքնիշխան պետության ղեկավարի պատասխանատու խոսք։ Այն ավելի շատ հիշեցնում էր ներքաղաքական հաշվեհարդարի փորձ՝ տեղափոխված միջազգային հեղինակավոր հարթակ։
Փոխարենը ներկայացնելու Հայաստանի պետական շահերը, անվտանգության մարտահրավերներն ու տարածաշրջանային իրողությունները, Փաշինյանը եվրոպական ամբիոնը օգտագործեց սեփական ընդդիմախոսներին պիտակավորելու համար։
Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներին և իշխանության ընդդիմախոսներին ներկայացրեց որպես «պատերազմի կուսակցություն»՝ փորձելով նրանց կապել արտաքին ուժերի հետ և նրանց վերագրել Հայաստանի անկախությունը զոհաբերելու պատրաստակամություն։ Իրականում սա ոչ թե քաղաքական գնահատական էր, այլ քաղաքական պիտակավորում՝ ուղղված սեփական ընդդիմախոսներին միջազգային լսարանի առաջ վարկաբեկելուն։
Երբ երկրի ղեկավարը միջազգային հեղինակավոր ամբիոնից սեփական հասարակության մի հատվածին ներկայացնում է որպես վտանգավոր ուժ կամ արտաքին ազդեցության գործիք, նա փաստացի իր երկրի ներքաղաքական հակամարտությունը տեղափոխում է արտաքին հարթակ։ Այդպիսի քայլը ոչ թե ուժեղացնում է պետությունը, այլ ցույց է տալիս իշխանության քաղաքական թուլությունն ու անվստահությունը սեփական հասարակության նկատմամբ։
Փաշինյանի ելույթում ակնհայտ էր նաև մեկ այլ նպատակ։ Նա փորձեց Հայաստանի քաղաքական դաշտը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական դիմակայություն՝ իշխանությանը հակադրելով իբր «ռուսամետ պատերազմի կուսակցությանը»։ Այս նարատիվը վաղուց է օգտագործվում ներքաղաքական պայքարում, սակայն երբ այն հնչում է եվրոպական ամբիոնից, այն ձեռք է բերում բոլորովին այլ իմաստ։ Դա ավելի շատ հիշեցնում է հաշվետվություն արևմտյան հովանավորներին, քան ինքնիշխան պետության ղեկավարի ելույթ։
Փաստորեն, Փաշինյանը եվրոպական լսարանին փորձում էր համոզել, որ Հայաստանում գոյություն ունի քաղաքական ընդդիմություն, որը պետք է չեզոքացվի։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի ներքաղաքական պայքարը ներկայացվում է որպես աշխարհաքաղաքական պայքար, որտեղ իշխանության ընդդիմախոսները հայտարարվում են «պատերազմի կողմնակիցներ» կամ «արտաքին ուժերի ազդեցության գործակալներ»։ Սա վտանգավոր և անպատասխանատու քաղաքականություն է, որը ոչ միայն խորացնում է հասարակական բևեռացումը, այլ նաև արտաքին ուժերին ներգրավում է Հայաստանի ներքին քաղաքական հակամարտության մեջ։
Երբ երկրի ղեկավարը միջազգային ամբիոնից վարկաբեկում է սեփական ընդդիմախոսներին և նույնիսկ ազգային հիմնարար ինստիտուտներից մեկը՝ եկեղեցին, դա ոչ թե ուժեղ պետության նշան է, այլ իշխանության քաղաքական ճգնաժամի բացահայտ դրսևորում։ Այդպիսի պահվածքը ցույց է տալիս, որ Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս»։
Հունիսի 7-ը դառնում է ոչ միայն հերթական ընտրության օր, այլ հանրային դատավճիռ այն քաղաքականությանը, որի արդյունքում Հայաստանը աստիճանաբար կորցնում է իր ինքնուրույնությունն ու քաղաքական սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում։ Այդ օրը քաղաքացիները փաստացի որոշելու են՝ Հայաստանը շարունակելո՞ւ է շարժվել արտաքին կենտրոնների հաշվարկներին ենթարկված իշխանության ճանապարհով, թե՞ ընտրելու է ինքնիշխան, արժանապատիվ և անկախ պետական զարգացման ուղին, մենք ընտրելո՞ւ ենք Հայաստանի հանրապետություն մնալու, թե «Արևմտյան Ադրբեջան» դառնալու անփառունակ ճանապարհը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին