Ռուսաստանյան շոու-բիզնեսի հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն որոշել է ծննդաբերել Մայամիում: Ատլանտյան օվկիանոսի ափին իր հանգիստը վայելող ապագա մայրիկը հարցազրույց է տվել «Hello» ամսագրին ու, իհարկե, ցուցադրել կլորացած փորը: Այս մասին գրել է Բրավո.am-ը:
38-ամյա Ֆրիսկեի ընտրյալն ու առաջնեկի հայրը հայտնի հաղորդավար 30-ամյա Դմիտրի Շեպելևն է: Զույգը պաշտոնապես ամուսնացած չէ:
Ժաննան նշել է, որ ինքն էլ յուրաքանչյուր կնոջ պես երազել է մայրանալու մասին.«Բայց մի բան է երազել, մեկ այլ բան` պլանավորել, երրորդի դեպքում էլ ճակատագիրն է իր գործն անում: Հղի լինելուս մասին իմացել եմ հանգստից վերադառնալուց հետո: Շատ ուրախ եմ, շատ սպասված բալիկ է, բայց անկեղծ ասած` ոչ պլանավորված»:
Երեխային խնամելու հարցում աստղային մայրիկին օգնելու են քույրն ու մայրը:
Ֆրիսկեն ասել է, որ համատեղելու է աշխատանքն ու ընտանեկան կյանքը, չի մոռանալու նաեւ զբաղվել սիրելի հոբբիներով ու ճանապարհորդելու է: