▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճչացող իրականություն

Մինչ քաղաքապետարանի հարակից գազոններն այնքան են ոռոգում, որ շուտով հողը ճահճի կվերածվի, Հանրապետության հրապարակին կից պուրակի բազմամյա ծառերը չորանում են:

Օրերս քաղաքապետարանն անխնա օգտագործում է ոռոգման ջուրը միայն նրա համար , որ շենքի հարակից խոտածածկույթը ավելի փարթամ լինի, իսկ Հանրապետության հրապարակին կից, Կառավարական տան դիմաց գտնվող պուրակում, մեղմ ասած վիճակը կարելի է ողբալի գնահատել: Պուրակն արդեն քանի տարի է քարուքանդ վիճակում է գտնվում, ոռոգման համակարգը չի գործում, իսկ աղտոտվածությունն ու շինարարական թափոնները լրացնում են և ամբողջացնում պատկերը:
Պուրակում տիրող վիճակի վերաբերյալ փորձեցինք հարցնել անցորդներին:

«Ամեն օր անցնում եմ այստեղով ու նույն վիճակն է, - նշեց տարեց տղամարդը,- արդեն երկար տարիներ է, որ ջուր չկա, չի ջրվում այգին: Դիտարկվում է որպես Վերնիսաժի մի մաս, դրա համար էլ երևի չեն բարեկարգում, այնինչ Վերնիսաժը սկսվում է Հանրապետության փողոցից»:
Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ նույնիսկ չի մաքրվում այգին, էլ ինչ ոռոգման մասին կարող է խոսք գնալ:
Իսկապես, դուք էլ չեք տեսնի ոչ մի աղբարկղ, իսկ խոտածածկույթի ամբողջությամբ չորացած լինելը, ծառերի տերևների դեղնելն ու թափվելը միանգամից աչքի են ընկնում: Ցավալին այն է, որ պուրակը սկսվում է հենց Հանրապետության հրապարակից ու գտնվում Կառավարական տան դիմաց: Արդյո՞ք մեր նախարարությունների ոչ մի աշխատակից չի տեսնում' ինչ վիճակում է գտնվում պուրակը, չէ՞ որ սա հենց Երևանի սիրտն է: Այսպե՞ս է ներկայանում Երևանը:
Տեսանյութում հստակ կարող եք տեսնել թե ինչ վիճակում է հայտնվել Երևանի հենց կենտրոնում գտնվող պուրակը' սկսած աղտոտվածությունից, վերջացրած բազմամյա ծառերի չորացումով:
Հարցս ուղղում եմ Երևանի քաղաքապետարանին' ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար, ո՞ւմ ենթակայության տակ է գտնվում պուրակը, որ թույլատրվում է այնտեղ շինարարական աշխատանքներ անել և վերջապես ինչո՞ւ որևէ քայլ չի ձեռնակվել այս մի քանի տարիների ընթացքում շտկելու համար ստեղծված իրավիճակը:

Աղբյուրը` armmkheyan.blogspot.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին