Ժիրինովսկու հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ անհեթեթություն է, այն նույնիսկ ավելորդ է մեկնաբանել, սակայն այն կարող է որոշակի կապ ունենալ Ղրիմի թերակղզում կովկասյան թաթարների (ինչպես թուրքերն են ասում՝ «ադրբեջանցիների») հակառուսական ցույցերի հետ: Դժվար է ասել, թե որքանով է այդ հայտարարությունը կապված Ադրբեջանին սաստելու հետ, սակայն կարելի է հայտարարողին ևս մեկ անգամ հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է և, որ 1991թ. Անդրկովկասում իրենց անկախությունը հռչակեց 4 հանրապետություն: Կարծում եմ՝ Ժիրինովսկին խելացի կգտնվեր, եթե մատնացույց աներ Նախիջևանը: Այն ստրատեգիական կարևոր դիրք ունի տարածաշրջանում և տարանցիկ միջանցք կարող է դառնալ: Ռուսաստանի համար 1991թ.-ը նպաստավոր էր այնտեղ դեսանտ իջեցնելու և ՌԴ հովանավորչության տակ վերցնելու համար: Կարող էր ստեղծվել նաև դրա իրավական կողմը միջազգային կարծիքի համար: Նախիջևանը 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով անցավ Ադրբեջանի հովանավորության տակ և կազմեց ՌՍՖՍՀ մաս: Ի դեպ, վաղը՝ մարտի 16-ին, լրանում է 1921թ. կնքված Մոսկվայի պայմանագրի 93-րդ տարին: Այն կնքվել է ՌՍՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև: Պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները Արևմտյան Հայաստանի, Սուրմալուի գավառի և Կարսի մարզի նկատմամբ, Նախիջևանը անցավ Ադրբեջանի հովանավորության տակ: Խորհրդային Հայաստանը մնաց 29 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում։ Եվ դա այն դեպքում, երբ մինչև 1920թ. թուրք-հայկական պատերազմը Հայաստանի Հանրապետության իշխանությունը տարածվում էր շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետրի վրա։ Հայաստանից խլվեց Արցախը, միայն Զանգեզուրը մնաց Խորհրդային Հայաստանին՝ այն էլ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ սյունեցիների հուժկու դիմադրության արդյունքում:
Ժիրինովսկուն կարելի է հիշեցնել, որ ԼՂՀ-ն անկախ հանրապետություն է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet