▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամավոր Վլադ Ավետիսյանը վիրավորվելուց հետո էլ պայքարել է մինչև վերջ. նա Ապրիլյանի մասնակից էր

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված կամավոր 23–ամյա Վլադ Ավետիսյանը Արցախ մեկնելու որոշում էր կայացրել հենց սեպտեմբերի 27-ին: Լսելով հակառակորդի հարձակման լուրը՝ առանց վարանելու Վլադը ներկայացել էր զինկոմիսարիատ և մեկնել առաջնագիծ:

Վլադ Ավետիսյանը մասնակցել էր նաև 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմին: Հայրենասեր երիտասարդի համար առաջին տեղում միշտ հայրենիքի նկատմամբ անսահման սերն էր: Ապրիլյան պատերազմի առաջին իսկ րոպեից սահմանում գտնվող երիտասարդը միշտ նշում էր, որ երբ հայրենիքին վտանգ սպառնա, ինքն առաջիններից մեկը կլինի, ով կմեկնի՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու, սակայն, ցավոք, այս պատերազմը ճակատագրական դարձավ երիտասարդի համար:

Վլադի հարազատների խոսքով՝ Վլադը թշնամու դեմ պայքարել է մինչև վերջին շունչը՝ անգամ ոտքից վիրավորում ստանալուց հետո էլ չի լքել մարտի դաշտը՝ մենակ չթողնելով իր զինակից ընկերներին:

Վլադ Ավետիսյանը Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության բաժնի 4-րդ կուրսի ուսանող էր։ Ուսմանը զուգահեռ աշխատում էր նաև «Դիջիթեյն» ընկերությունում։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին