▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կանխիկով կվաճառվեն Ավինյանին, կմտնեն իր գրպանը»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում երեկ մանդատից զրկվեցին երեք ավագանու անդամ, որոնցից երկուսը՝ «Հանրային Ձայն» խմբակցության նախկին անդամներ, իսկ այժմ անկախ ավագանիներ Անույշ Խուդավերդյանն ու Անուշ Գինոսյանն էին, որոնք մնացել էին հավատարիմ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանին: Նրանցից հետո եկող թեկնածուները Կարեն Սանամյանն է, ով իրեն համարում է Վ. Ղուկասյանի հետ տարաձայնությունների պատճառով առանձնացած եւ «Հանրային Ձայն»-ն իրենով արած Արտակ Գալստյանի աջ ձեռքը, հաջորդ թեկնածուն՝ «Ալյանս» կուսակցությունից Դենիս Պողոսյանն է:

Եվ ահա այս իրադարձությունների ֆոնին երեկ երեկոյան լուրեր սկսեցին շրջանառվել սոցցանցերում, թե ազատ է արձակվել «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու անդամ Արտակ Գալստյանը, ում հետ մնացած ավագանու երկու անդամները վաղուց դարձել են իշխանությունից ավելի իշխանական:

Ի՞նչ է ստացվում, պարզ մաթեմատիկական հաշվարկ։ Երեւանի ավագանիում իշխանություն են ՔՊ-ն՝ իր կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության հետ, նրանց ավելացան նաեւ «Հանրային Ձայն» կուսակցության 4 ավագանի: Սա նշանակում է, որ այլեւս Երեւանի ավագանիում ընդդիմությունը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ որոշումների կայացման վրա: Ավինյանը զոռով շառով ձեւավորեց կայուն իշխանական մեծամասնություն:

Տեղի ունեցածը Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանն այսպես է մեկնաբանում. «Ավինյանն իրեն զգում էր ոչ ապահով, հողը գնում էր ոտքերի տակից, որովհետեւ ՔՊ-ի ներսում չուներ աջակցություն: Ինձնից բացի, հանեց նաեւ «Հանրային Ձայնից» դուրս եկած երկու անկախ ընդդիմադիր ավագանու անդամներին, որոնք չեն ենթարկվում իրեն: Նպատակն է, որ ցուցակից գան այլ երկուսը, որոնք կանխիկով կվաճառվեն Ավինյանին, կմտնեն իր գրպանը»:

***

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովրդավարության «առաջամարտիկ» «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է թույլատրելի ու անթույլատրելի բոլոր մեթոդներով բոլոր ոլորտներում ձերբազատվել իր ընդդիմախոսներից։

Նոր ձեւավորված ավագանիում երեկ արդեն երկրորդ անգամ միանգամից 3 ընդդիմադիր անդամներ զրկվեցին մանդատներից՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը եւ ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանը եւ Անույշ Խուդավերդյանը. եթե Գրիգոր Երիցյանի դեպքում նախաձեռնողը հենց ՔՊ-ն էր, ապա ավագանու մյուս անդամների դեպքում օգնության էր հասել ՔՊ-ի հավատարիմ աջակից «Հանրային ձայնը», որն իբրեւ ընդդիմադիր խմբակցություն է ներկայանում, բայց ավագանիում ՔՊ-ի համար մեկ դաշնակիցն է։

Այսպիսով, ավագանին արդեն հաջորդ նիստին նոր անդամներ կունենա, մանդատից զրկված ավագանու անդամներին կփոխարինեն նորերը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գրիգոր Երիցյանի մանդատն անցնելու է ցուցակի հաջորդ համարին՝ Վահագն Իսոյանին. վերջինս հրատարակիչ է։

Մեզ հետ զրույցում «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ դեռ չեն հասցրել որեւէ քննարկում ունենալ մանդատը փոխանցելու կամ խմբակցության նոր ղեկավարի մասով։ Անուշ Գինոսյանի եւ Անույշ Խուդավերդյանի մանդատները կանցնեն «Հանրային ձայն»-ի հաջորդ համարներին՝ Կարեն Սանամյանին եւ Դենիս Պողոսյանին. վերջինս Տիգրան Ուրիխանյանի «Այլյանս» կուսակցության անդամ է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին