▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիր բլուրում զինատեսակների հսկայական արսենալ են գտել

2013 թվականին Երևան քաղաքը շրջանցելու համար ճարտարապետական հանձնաժողովը որոշեց, որ նոր ճանապարհը պետք է անցնի Չարբախի գերեզմանի հյուսիսային կողմով, ուստի որոշվեց հետազոտել տարածքը, որպեսզի համոզվեին, որ այդտեղ ոչինչ չկա.

 Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ, Հակոբ Սիմոնյանի փոխանցմամբ՝ ամբողջ տարածքը 2-3 մետր շինարարական աղբով էր պատված  ու ոչ ոք չէր պատկերացնում, որ այնտեղ անգնահատելի գանձեր են անթեղված:

«Պարզեցինք, որ  այնտեղ է գտնվում Թեյշեբաինի (Կարմիր բլուրի) դամբարանադաշտը:  Որոշեցինք, թե ինչպիսի տարածք է զբաղեցնում ու 2015-2016թթ.սկսեցինք սիսիտեմատիկ պեղումները: Հայտնաբերեցինք 281 դամբարան, հետաքրքիր մի երևույթ արձանագրեցինք.

Ի տարբերություն Էրեբունիի, որի բնակիչները տեղափոխված էին Ծոփքից, Թեյշեբաինիում տեղաբնակներն էին: Բացահայտեցինք, թե ովքեր են ապրել այստեղ, ինչպես են հագնվել, ի՞նչ զարդեր են կրել, կոշիկներ հագել: Իմացանք, թե ինչ ծիսակարգեր են եղել: Ունեցանք զինատեսակների մի հսկայական արսենալ:

Արձանագրեցինք հետաքրքիր մի երևույթ՝նորածին երեխաների թաղումները.սա քաղաքակրթության ցուցանիշ է: Տարածված էր, որ միայն Հին Հռոմում էին հատուկ ուշադրություն դարձնում երեխաների թաղումներին, պարզվեց, որ նույն իրավիճակը դարեր առաջ եղել է Կարմիր բլուրում և երեխաների նկատմամբ բացառիկ սերը, որն այսօր էլ հատուկ է մեզ՝ հայերիս, այն ժամանակ էլ է եղել»,-ասաց հնագետը՝ շարունակելով.

«Գտածոները ցնցող են. կնիքներ, բրգաձև կոճակներ, կիսաթանկարժեք քարերից 5-6սմ ուլունքներ, ձիերով թաղումներ, նետասլաքներ, որոնք նախատեսված են եղել տարբեր նպատակների համար.

Երբ արդեն թվում էր, թե ամեն ինչ ավարտել ենք, հանկարծ բացվեց բարձրաստիճան մի անձի դամբարան: Մակերեսը 40քմ էր, լցված էր զոհաբերված կենդանիների ոսկորներով և թաղման ընծաներով: Վրան դրված էր վիթխարի կոթող, իսկ ներքևում տեսանք զոհաբերված 2 ցլերի, որոնց լծված են եղել կառքեր, 2 ձիեր: Մեկի ատամը մաշված էր, ինչը նշանակում էր, որ ձին լծկան է եղել: Գտանք 2 տարօրինակ ոսկորներ, որոնք, ամենայն հավանականությամբ, ուղտի են: Իսկ նման զոհաբերություններ կարող էին արվել բարձր դիրք ունեցողի համար և որպես այդ ամենի վկայություն՝ հայտնաբերվեց նաև բրոնզից կերտված կեռ ծայրով մական, որը իշխանության բարձրագույն խորհրդանշան է: Այսպիսի մականներ կարողանում էին կրել միայն խեթական արքաները: Նախնականորեն սա համարում եմ փոխարքայի դամբարան: Այսպիսի մականներ ունեինք պեղված Լոռիից, Վանաձորից, Սյունիքից, Արցախից…: Սա, փաստորեն ցույց է տալիս, որ Հայաստանի բաժանումն ըստ նահանգների՝ գոյություն է ունեցել դեռևս ուրարտական ժամանակաշրջանից և ամեն մի կենտրոնում եղել է փոխարքա, ում մահից հետո նրա հետ դրել են իշխանության բարձրագույն խորհրդանշանը»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին