▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաթողիկոսն էլ խոսեց...

«ՏԻՐՈՋ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՌՋև ԱՄԵՆՔՍ ԾՆՐԱԴԻՐ ԵՆՔ, ԱՄԵՆՔՍ՝ ՇՆՈՐՀԱՊԱՐՏ»

Սիրելիներ,


Հոգու պարտք ենք համարում դիմելու Ձեզ և խնդրելու, որ Ձեր անձի ողջ զորությամբ և ջերմությամբ աղոթքի կանգնեք Ամենակարող Աստծո առաջ՝ քաջալերված մեր Տեր Հիսուս Քրիստոսի տված աստվածային վստահությամբ. «Ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք և հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ: Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները» (Մարկ. ԺԱ. 24-25):
Այս ծանր դրության մեջ, երբ ջանքեր են գործադրվում, որ խնդիրը լուծվի բացառապես խաղաղ և անարյուն ճանապարհով՝ գտնվում են այնպիսիները, որոնք իրենց անկարգ վարքով ու չար խոսքերով ևս առավել վատթարացնում են իրավիճակը և բախումների պատճառներ ստեղծում: Նման կերպ վարվողները և այդպիսի կոչեր հնչեցնողներն իրենց սրտում բռնացել են սիրո շնորհի դեմ և զրկել ազատ ներգործելու կարողությունից... Իսկ առանց սիրո (որ այս իրադրության մեջ պետք է արտահայտվի հատկապես որպես եղբայրսիրություն և հայրենասիրություն) ոչինչ չի կարող բարվոք լուծում ստանալ:
Մեր խնդրանքն է, մեր հորդորը, որ հենց այս պահին՝ հոգու անկեղծ ու լուսավոր հայացքով, նայենք միմյանց աչքերի մեջ և այդպես զորեղացնելով մեր միջի աստվածային ամենազոր սերը՝ կանգնենք աղոթքի: Աղոթենք, որ Ամենակարող Աստված հաջողություն պարգևի այն բոլոր ջանքերին, որոնք ապահովելու են մեր Ազգի և մեր Հայրենիքի շահը: Աղոթենք միմյանց հանդեպ սուրբ սիրով բռնկյալ, որպեսզի Ամենակարող Աստված ազատություն պարգևի մեր որոշ հայրենակիցների սրտերում բռնությամբ արգելափակված սիրո շնորհին՝ խաղաղության գործեր արարելու և սեր սփռելու համար: Աղոթենք սիրով առլեցուն սրտերով, որպեսզի Ամենապարգև Տերն իմաստություն պարգևի մեր պետական այրերին, որպեսզի իրենց ուսերին դրված ծանրագույն բեռը կրեն արդարությամբ և պատասխանատվությամբ, խորհեն և գործեն ի շինություն Պետության և ի բարօրություն Ազգի:
Առանց արդար ու մաքուր սրտի, հոգու և մտքի, առանց սիրո, առանց աղոթքի, առանց այդ ամենից ծնված բարի գործերի չի կարող լինել երջանիկ կյանք, չեն կարող բարվոք լուծվել խնդիրները: Սիրենք միմյանց, մանավանդ այս դժվարին պահին: Եվ թույլ չտանք, որ մեզ շրջապատող ավազակները, մեր սիրո պակասից օգտվելով, հափշտակեն մեզանից մեր անգին գանձը՝ ազատ, անկախ Հայոց Պետականությունը: Մեր 25-ամյա այս հին և նոր Պետությունն օծվել է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ և ՀԱՂԹՈՒԹՅԱՆ աստվածագործ Սրբալույս Մյուռոնով: Արդ, հոտոտենք ու զգանք այդ կեցուցիչ սուրբ յուղի անուշահոտությունը և, որպես իշխանություն ու հանրություն, ապրենք ու գործենք Սուրբ Մյուռոնի պարգևած թարմությամբ և լուսավորությամբ:
Ամենակալ Տեր Աստված մեզ ապավեն, պահապան և օգնական:
«Տիրոջ ու Հայրենիքի առջև ամենքս ծնրադիր ենք, ամենքս՝ շնորհապարտ» (Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ):

Ասողիկ քահանա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների և արխիվի տնօրեն

 

Կարդացեք նաև՝ Սերժ Սարգսյանը խոսեց. Կոչ եմ անում զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին