▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեպլեր-78b երկրանման մոլորակի հայտնաբերմանը մասնակցել է երիտասարդ հայ աստղագետը

Կեպլեր-78b արտարեգակնային մոլորակ (էկզամոլորակ) է, որը պտտվում է Կարապի համաստեղությունում գտնվող արեգակնանման աստղի ուղեծրում, Երկրից շուրջ 400 լուսատարի հեռավորության վրա: Մինչ այժմ աստղագետները որոշել են ավելի քան 1000 էկզամոլորակների բնութագրերը, սակայն Կեպլեր-78b առանձնահատուկ է: Համաձայն հեղինակավոր «Nature» ամսագրում այսօր հրապարակված ուսումնասիրության, այն ունի Երկրին շատ նման զանգված և խտություն: Աշխատանքի հեղինակները` Ժնևի համալսարանի պրոֆեսոր Ֆրանչեսկո Պեպեի ղեկավարությամբ Շվեյցարիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի տարբեր գիտական հաստատությունները ներկայացնող աստղագետների միջազգային խմբի անդամներ, ցույց են տվել, որ Կեպլեր-78b բաղկացած է քարից և երկաթից` հենց մեր Երկրի նման: Այսպիսով, Կեպլեր-78b ճշգրիտ հայտնի զանգվածով ու շառավղով առայժմ ամենափոքր էկզամոլորակն է:

Կեպլեր-78b սկզբում գրանցվել է ՆԱՍԱ-ի «Կեպլեր» արբանյակի կողմից: «Կեպլերը» հայտնաբերել է առջևով անցնող մոլորակի հետևանքով մայր աստղի պայծառության չնչին փոփոխություն: Այդ հայտնաբերումից որոշ ժամանակ անց Լա Պալմայում (Կանարյան կղզիներ) գտնվող 3.58մ հայելու տրամագծով իտալական Գալիլեյի անվան ազգային դիտակն (TNG) ուղղեցին այդ աստղին. TNG-ի վրա տեղադրված աշխարհի ամենաճշգրիտ սպեկրոգրաֆներից մեկի` HARPS-N-ի, գիտական խումբը որոշել էր իր դիտումները կենտրոնացնել Կեպլեր-78b վրա: Չափազանց ինտենսիվ դիտողական ծրագիրը գարնան և ամռան ամիսներին տվեց իր պտուղները: Օգտագործելով HARPS-N-ի եզակի բնութագրերը և ճշգրտությունը, հետազոտական խումբը չափեց էկզամոլորակի պտույտի հետևանքով առաջացած մայր աստղի աննշան տատանումները: Ցույց տրվեց, որ մոլորակն ունի երկրանման զանգված և խտություն:

Երիտասարդ հայ աստղագետ Ավետ Հարությունյանն աշխատում է TNG-ում և այս ուսումնասիրության համահեղինակներից մեկն է: «Ակնհայտ էր, որ մենք պետք է բացահայտեինք փոքր մոլորակով պայմանավորված չափազանց թույլ տատանում: TNG-ի HARPS-N-ը հյուսիսային կիսագնդի ամենաճշգրիտ սպեկտրոգրաֆն է, ուստի ուրիշ ինչ սարք կարող էր լուծել այս խնդիրը, եթե ոչ մերը», - բացատրում է Հարությունյանը: Այնուհետև ավելացնում է, - «Ներկայումս սրանք ամենաճշգրիտ արդյունքներն են, որ կարելի էր ձեռք բերել, և մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես են մեր սարքավորումներն իրենց արդարացնում այս խրթին դիտումների ընթացքում»:

Կեպլեր-78b ունի ընդամենը 1.17 երկրային շառավիղ, մինչդեռ զանգվածը հավասար է 1.86 երկրային զանգվածի: Ստացվում է, որ նրա խտությունն է 5.57 գրամ խորանարդ սանտիմետրում, և ենթադրվում է, որ այն բաղկացած է քարից և երկաթից, այսպիսով Կեպլեր-78b դարձնելով մինչ օրս հայտնի Երկրին առավել նման էկզամոլորակը: Սակայն, Կեպլեր-78b ունի շատ կարճ` ընդամենը 8.5 ժամ, ուղեծրային պարբերություն, և հետևաբար, այն ուղեծրում է իր մայր աստղից մոտ հեռավորության վրա: Նշանակում է, մոլորակի մակերևույթի ջերմաստիճանը պետք է լինի 3000-5000 աստիճանի սահմաններում, ակնհայտորեն բացառելով կյանքի որևէ հնարավորություն, ինչպես մենք դա կպատկերացնեինք:

Կեպլեր-78b-ին վիճակված է կործանվել, քանի որ մակընթացային ուժերը շարունակաբար նրան դեպի իր աստղը կմղեն: Ի վերջո, նա այնքան կմոտենա, որ աստղի ձգողության դաշտը կմասնատի մոլորակը: Ինչպես կանխատեսում են տեսաբանները, սա կարող է տեղի ունենալ երեք միլիարդ տարվա ընթացքում: «Հետաքրքիր է, որ մեր Արեգակնային համակարգը կարող էր Կեպլեր-78b-ի նման մոլորակ ունենալ: Եթե այդպես եղած լիներ, ապա մոլորակը ոչնչացված կլիներ համակարգի էվոլյուցիայի վաղ փուլերում, չթողնելով ոչ մի նշան», - ասում է Ավետ Հարությունյանը:

Նույնիսկ առանց կյանք ունենալու հնարավորության, Կեպլեր-78b-ի` երկրանման չափերի, խտության և քիմիական բաղադրության մոլորակի բացահայտումը և բնութագրերի որոշումը, մի մեծ քայլ է արտերկրային կյանքի մեր որոնումներում: HARPS-N-ը դեռևս էլ ավելի ապշեցուցիչ արդյունքներ կտա` մեզ հնարավորություն տալով էլ ավելի լիարժեք պատկերացում կազմել էկզամոլորակների առաջացման և էվոլյուցիայի մասին, և հնարավոր է մի օր էլ գտնենք երկրանման հատկանիշներով բնակեցված մոլորակ:


Հայկական աստղագիտական ընկերություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին