Համացանցում լուրեր են շրջանառվում, որ այս տարվա գարնանային զորակոչը հնարավոր է հետաձգվի 10-ից մինչև 40 օրով: Հարցի վերաբերյալ ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գարնանային զորակոչը կսկսվի հունիսից: «Եթե նախկինում գարնանային զորակոչը սկսվել է մայիսի սկզբին, այժմ այն կսկսվի հունիսից: Դա կապված է դպրոցական քննությունների հետ»-տեղեկացրել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա ապրիլի 18-ին ստորագրած հրամանագրի համաձայն` որոշվել է 2013թ.-ի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2013թ. հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2013թ. հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2013թ. հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ: