▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կնդրուկ, ուրթ, գուպար… ծիծաղելի է». 12-րդ դասարանցին բողոքում է Հայոց լեզվի շտեմարաններից

Հայոց լեզվի և գրականության շտեմարանների հարգելի հեղինակներ, հրապարակում եմ 12-րդ դասարանի աշակերտ Մուշեղի՝ Ֆեյսբուքով ինձ ուղղված նամակը, որն անհանգստացրեց ինձ . «Բարև Ձեզ, տիկին Բախշյան, մի խնդրանք ունեմ: Միակ մարդը, ով կլսի ինձ, կարծում եմ` Դուք եք: Որպես ավագ դպրոցի աշակերտ ու դիմորդ, ուզում եմ բողոքել Հայոց լեզվի և հայ գրականության շտեմարաններից: Հեղինակները բառարաններից այնպիսի բառեր են դուրս գրել ու ավելացրել շտեմարաններում, որ ես անձամբ երբևէ չեմ հանդիպել դասագրքում:

Առանց կրկնուսույցի մոտ պարապելու գրեթե անհնար է ընդունվել: Եվ ի՞նչ անի դիմորդը հինգ ամսում (շտեմարանի առաջին մասը հրատարակվել է դեկտեմբերի վերջին շաբաթը, մյուս մասն էլ հունվարին): Հայոց լեզվի շտեմարանի 1-ին հատորում կան բառեր, որոնք մինչև շտեմարանով պարապելը դասագրքում չէի հանդիպել՝ երկնառաք, անդրենածին, մաշտոց (անասունների մազը սանրելու գործիք), արիշ, նայադ, կնդրուկ, ուրթ, գուպար, գուլ, գուռ, գուղձ, անայգ, հրուտ, հույլ, գուբ, տմույն, բարեմույն, տտիպ, սինլքոր, քսու, խանդակաթ, խույր, մկունդ, շառափ, խանձարուր, ալյակ, պարեխ, ագուգա, ազազուն, գոս, բորոտ, գռուզ, դժնդակ, անոսր, սիգալ, ելուզակ... : Բացի այս բառերից կան այնպիսի ծիծաղելի հարցեր գրականությունից, որոնք իբրև ստուգում են մեր գիտելիքները գրականությունից... Օրինակ՝ հարց կա, որտեղ պահանջվում է գտնել այն տարբերակը, որում տարբեր պատմավեպերի դայակների և աղախինների անուններն են: ... »:

Միանալով Մուշեղի բողոքին՝ առայժմ ընդամենը հրապարակում եմ նրա նամակը և ակնկալում, որ այս աշակերտի բողոքը լսելի կլինի շտեմարանների հեղինակներին, որոնց նպատակը պետք է լինի հնարավորինս հավատարիմ մնալ հանրակրթության չափորոշիչներից բխող առարկայական ծրագրերին: 


Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին