Հունիսի 15-ին Գյումրիում կորոնավիրուսից մահացած 66-ամյա կինը մինչև ծայրահեղ ծանր վիճակում հայտնվելը հետազոտվել էր իր տարածքային՝ Գյումրու «Միջազգային կարմիր խաչի» անվան պոլիկլինիկա»-ում:

Անցած հինգշաբթի՝ հունիսի 11-ին, բուժհաստատությունն է կնոջն ու նրա ընտանիքի անդամներին հրավիրել պոլիկլինիկա, քանի որ ունեցել են տեղեկություններ, որ բոլորը հիվանդ են, ջերմում են: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասել է պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանը:
Սկզբում ամուսինն է հիվանդ եղել, ունեցել է ջերմություն, բայց շատ արագ հաղթահարել է հիվանդությունը: Կնոջ հետազոտությունն ու ռենտգեն ախտորոշումը, սակայն, կորոնավիրուսային հիվանդության հակվածության են եղել:
Ունեցել է բարձր ջերմություն, ռենտգեն հետազոտությամբ թոքաբորբ է ախտորոշվել: Ընտանեկան բժիշկ Գոհար Խաչատրյանը թեստավորման ցուցում է տվել:
«Հենց այստեղ էլ ընտանիքը՝ կինն ու ամուսին կայացրել են ճակատագրական որոշում՝ հրաժարվել թեստավորումից»,- կայքի հետ զրույցում ասաց պոլիկլինիկայի տնօրենը:
Շաբաթ օրը՝ արդեն հունիսի 13-ին, կրկին ամուսինները եղել են պոլիկլինիկայում, կնոջ վիճակն առավել ծանրացած է եղել: Այդ օրը ևս, երկրորդ անգամ, կրկին գրավոր նրանք հրաժարվել են թեստավորվելու պահանջ-առաջարկից: Բացատրական աշխատանքներն ու բժիշկների հորդորներն եղել են անարդյունք:
Ամուսնուն էլ, կնոջն էլ մասնագետները բացատրել են, որ կինը ռիսկային խմբում է ոչ միայն տարիքի, այլ սրտի հետ կապված լուրջ խնդիրների առկայության պատճառով: Որևէ կարծիք հաշվի չեն առել:
«Կինը նույնիսկ գրել է, թե ավելի լավ է տանը մահանամ, քան գնամ հիվանդանոց: Հիմնավորումն էլ էդ հիմարություններն էին: Անընդհատ կրկնում էին, թե թեստավորման ժամանակ մարդկանց չիպավորում են: Ահավոր վիճակում էինք, բայց մարդու կամքին հակառակ գործողություն անել չէինք կարող: Շաբաթ օրը ևս կռվի մեջ ենք եղել, իրենք նորից են հրաժարվել թեստավորումից: Էլ ճար չունեինք, բայց կնոջ վիճակն էլ վատ էր: Ասեցինք՝ թեստը չեք ուզում, լավ, բայց հնարավոր չէ էսպես, պետք է անպայման ինֆոկցիոն հիվանդանոց գնաք, հոսպիտալացում է պետք: Մինչև էլ կարողացանք դա մի կերպ անել տալ, էս փաստն ունեցանք: Ես ահավոր վիճակում եմ, տեղս չեմ գտնում: Ուղղակի ես ապշած եմ կատարվածից»,- վրդովված ասել է Վարձելյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝
Գյումրեցի մի կին 2 անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել և երեկ մահացել է. պատգամավոր


