▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ՝ Երևանում. մեկ անձ ձերբակալվել է

2020թ. հունիսի 30-ին՝ ժամը 16:30-ին,  քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ լսել է կրակոցի ձայներ և տեսել է, որ գլխի վնասվածքով մարդ կա ընկած:

Դեպքի վայրի՝ նշված շենքի  հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքերի նմուշներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է կրակոցներ արձակած անձի ինքնությունը,  ով Երևան քաղաքի 21-ամյա բնակիչ է, որը միևնույն ժամանակ ստացել է մարմնական վնասվածքներ:

Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

Նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ,   ստացվել են կրակոցի արգասիքի նմուշներ: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից այլ անձի (անձանց) ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին