▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրեմլից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ին. Պուտինն այս տարի Հայաստան չի գա

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան քննարկվել է, բայց դժվար թե այն տեղի ունենա մինչև տարեվերջ, հավանաբար այն տեղի կունենա 2019-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Իսկապես, այցի կազմակերպման հարցեր քննարկվել են, բայց կոնկրետ ժամկետներ դեռ չեն նշվում»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է նա:

«Նկատի ունենք այն, որ նախագահները, հավանաբար, կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում (ԱՊՀ գագաթաժողովում), այլև Աստանայում ՀԱՊԿ նստաշրջանի ժամանակ: Դա մեկ, իսկ բացի այդ, դեկտեմբերին Մոսկվայում նախատեսված է ԵԱՏՄ գագաթաժողով, ինչը ևս հնարավորություն կընձեռի առաջնորդներին կարճ զրուցել: Հայաստանի այցի և դրա ժամկետների հարցը դեռ չի քննարկվում... կարծում եմ, նպատակահարմար է այս հարցում դիտարկել 2019 թվականը»,- նշել է Ուշակովը:

Ի դեպ, Պուտինի օգնականը մատնացույց է արել այն հանգամանքին, որ Փաշինյանն ու Պուտինը հանդիպել են բոլորովին վերջերս և առհասարակ՝ այս տարի նման երեք հանդիպում է եղել, մանրամասն քննարկումներով:

«Մասնավորապես, վերջին հանդիպման ժամանակ նրանք զրուցել են 3 ժամ, իսկապես լավ ու մանրակրկիտ են զրուցել»,- շեշտել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կժամանի մոտ ժամանակներս: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին