Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լատինական Ամերիկա այցի չեղարկումը զուգադիպել է այդ երկրներում հայկական համայնքի կողմից նախատեսվող բողոքի ցույցեր կազմակերպելու որոշման հետ:
Այս մասին հայտնում է Prensa Armenia գործակալությունը:
Թուրքիայի նախագահը պատրաստվում էր փետրվարի 5-ին Վատիկան, ապա Իտալիա այցելելուց հետո պատրաստվում էր այցելել Լատինական Ամերիկայի երկրներ: Սակայն վերջին օրերին տեղական շատ պարբերականներ սկսել էին գրել այն մասին, որ Ուրուգվայում հայկական համայնքը խիստ դժգոհ է այդ այցի կապակցությամբ: Բացի այդ, հայտնի էր դարձել, որ Էրդողանի այցի դեմ պատրաստվում են բողոքի ցույցեր իրականացնել:
Թուրքիայի կառավարության մի շարք գործակալներ անգամ այս շաբաթ այցելել էին Ուրուգվայ՝ ապահովելու նախագահի անվտանգությունը:
Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբից հայտնել են, որ Էրդողանի հնարավոր այցի վերաբերյալ քննարկումները ցույց են տվել, որ Թուրքիայի ժխտողական դիրքորոշման թիրախը Ուրուգվայն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման իր քաղաքականությամբ: