▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ ապրելու բանաձևը կրթությունն է, ոչ թե կոռուպցիան ու օլիգարխիան.Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիլիկոնյան հովիտում ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարության հետ հանդիպումներից և քննարկումներից հետո «Սինոփսիս» ընկերության գրասենյակում հանդիպել է Սիլիկոնյան հովտում բարձր տեխնոլոգիաների բնագավառում աշխատող հայազգի մասնագետների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին 100-ից ավելի ՏՏ ոլորտի մասնագետներ։

Հանդիպման սկզբում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ՏՏ ոլորտի ցուցանիշների և զարգացման հեռանկարների մասին տեղեկատվություն, ապա խոսքը փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հաջորդիվ ծավալված հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի զարգացմանը, ՏՏ ոլորտի զարգացման ուղղություններին, կրթության, գիտության ոլորտի բարեփոխումներին, Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ իրավիճակին և այլն։

Հանդիպման ավարտին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայ բարեգործական ընդհանուր միության միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր՝ ԱՄՆ այցի շրջանակում սա արդեն ստորագրվող չորրորդ փաստաթուղթն է, ինչը վկայում է այցի հագեցած և նպատակային օրակարգի մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Կալիֆորնիա նահանգ ավարտվել է։ Սան Հոզեից Հայաստանի վարչապետը մեկնել է Նյու Յորք, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, նա հանդես կգա ելույթով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին