▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովը և Մամեդյարովը կքննարկեն արցախյան հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովն այսօր բանակցություններ են անցկացնելու, որի ընթացքում կքննարկեն առանցքային տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, այդ թվում արցախյան հակամարտության կարգավորման հարցը:

Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, Մամեդյարովը Լավրովի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում:

Այցը տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, որը նշվելու է ապրիլի 4-ին:

«Ռուսաստանն ավելի քան 2 տասնամյակ է առանցքային միջնորդ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր: Հաշվի առնելով մեր ժողովուրդների աշխարհագրական մերձությունն ու ընդհանուր պատմությունը՝ մեզ համար կարևորագույն խնդիր է լուծել այս հակամարտությունը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նախարարությունում նաև ընդգծել են, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է աջակցել կողմերին լուծելու ղարաբաղյան հակամարտությունը:

Ինչպես նշել են գերատեսչությունում, Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը կառուցված է հավասարության, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության հիման վրա: Ներկայում երկու երկրները ստորագրել են ավելի քան 80 միջպետական և միջկառավարական համաձայնագրեր:

 

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին