Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող Վեհափառի և նախկին նախագահների հանդիպումների թեման փակել, ինքը, ընդամենը, կարող է դուրս գալ ու երևի դուրս է գալիս։ Նրա խոսքը մեզ համար վաղուց հիմք չէ։
Այս մասին Մեդիահաբ.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահի վերջին հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի խոսնակն ավելի վաղ հրապարակել էր նախագահի արձագանքը, գրելով՝ պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել. «Ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»,- ասված է հայտարարության մեջ։
Հարցին, թե Սրբազան Հայրը դեռ այն կարծիքին է, որ լևոնիզմից ազատվել է պետք, ինչի մասին նա օրերս հայտարարել էր իր հարցազրույցներից մեկում, վերջինս ընդգծել է՝ այո, լևոնիզմից ազատվելը հաջողվելու է միայն մեր որոշումով։
«Մենք պետք է որոշենք հրաժարվել այդ պարտվողական գաղափարախոսությունից, միջազգային հանրության քմահաճույքին տրվելուց և մենք մեր հարցերը պետք է լուծենք մեր ձեռքերով, զոհի բարդույթից պետք է դուրս գանք»,-ասել է նա։
Դիտարկմանը, թե եկեղեցին ամեն դեպքում իշխանության կողմից անտեսվում է, որոշ դեպքերում էլ՝ նսեմացվում, Արքեպիսկոպոս Աջապահյանն արձագանքել է․
«Եկեղեցուն նսեմացնել հնարավոր չէ։ Եկեղեցին իրեն անտեսող իշխանություններ շատ է տեսել պատմության մեջ, այդ անտեսող իշխանությունները գնացել են, եկեղեցին մնացել է, սրանք էլ կգնան, սակայն մեր մտավախությունն այն է, որ մինչ այդ մեր պետականությունը, մեր հայրենիքը չտուժի։ Մենք հայրենիքի մասին ենք մտածում և Վեհափառի քայլերը հենց դրան էին ուղղված, թե չէ եկեղեցին նախագահներին չի հավաքել իր խնդիրները լուծելու համար»,-ընդգծել է նա։
Հարցին՝ եթե առաջին նախագահը դուրս է գալիս այս նախաձեռնությունից, հնարավո՞ր է մյուս նախագահների օգնությամբ լուծում գտնել, վերջինս պատասխանել է․
«Ես էլի եմ ասել, որ այս ֆորմատով լուծում գտնելը հնարավոր չէ, հնարավոր է տեսական լուծումներ գտնել, բայց այդ տեսականը գործնականի պետք է իշխանությունը վերածի։ Այդ հանդիպումից հետո կարող էին առաջարկներ լինել, որը իշխանությունը կլսեր և կիրագործեր կամ չէր իրագարծի, կամ չէր էլ լսի։ Առաջին նախագահը, եթե դուրս է գալիս, կմնան մյուսներով, եթե մի բան կլինի՝ կլինի»։
Իսկ իշխանությունն ունա՞կ է լսել այդ առաջարկները, Արքեպիսկոպոսն արձագանքել է՝ եթե ունակ չէ, ուրեմն թող հրաժարական տա, գնա պատմության գիրկը։
«Մենք էլ մոռանանք այս մղձավանջային տարիները, մենք էլ փորձենք զրոյից կամ էլ մինուսից սկսենք երկիրը վրաշինել»,-ամփոփել է նա։