«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ վստահեցրեց, որ ինքը և իր կուսակցիները ոչ մի կապ չունեն Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ։
«ԼՀԿ-ն ոչ մի կապ չունի ո՛չ Միքայել Մինասյանի, ո՛չ էլ նրանց թվարկած նախկինների հետ: Այսուհետ երբեւէ «Լուսավոր Հայաստան» կուսակցության որեւէ ներկայացուցիչ չի պատասխանելու նախկինների հետ կապի մասին որեւէ հարցի: Այս օրերի ընթացքում մենք սպասում էինք հայտարարությունները հիմանվորող ապացույցի, դա չեղավ: Այսուհետ եթե մեկը նման պնդում կանի, նրանից պահանջեք թող հիմնավորի»,-ասաց Մարուքյանը:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իշխանությունները մոլորեցնում են՝ ինչպես լրագրողներին, այնպես էլ ամբողջ հանրությանը՝ հայտարարելով, որ ԼՀԿ-ն պայքարում է ապօրինի գույքի բռնագանձման դեմ:
«Այդ օրենքը երբ բերել են խորհրդարան, ԼՀԿ-ն ողջունել է և կողմ քվեարկել՝ ասելով, որ ունեն առաջարկներ, որպեսզի օրենքը լավը դառնա, բայց չպետք է դառնա ներդրումների համար խոչընդոտ: Արել են շուրջ 30 առաջարկ, որոնցից միայն երկուսն է ընդունվել՝ մենք էլ ձեռնպահ ենք քվեարկել օրենքի նախագծին»,- ընդգծեց Մարուքյանը:
Անդրադառնալով խորհրդարանում իր օգտագործած բառամթերքին՝ պատգամավորը նշեց. «Բնականաբար, միս ու արյունից մարդիկ ենք, եւ տարբեր իրավիճակներում մի տեղ նյարդերդ են տեղի տալիս, մի տեղ համբերության բաժակ է լցվում: Տարբեր տեղերում մենք նույնպես թույլ ենք տվել որոշակի վրիպակներ, որի համար մենք էլ ենք ցավում, բայց հարցը քաղաքական է, հարցի հիմքը քաղաքական է, եւ պետք է շահարկումները հանվեն, եւ քննարկվի քաղաքական եւ իրավական հետեւանքներով ու երաշխիքներով, որ այլեւս երբեք ընդդիմադիր, ալտերնատիվ խոսքի նկատմամբ բռնություն չի կիրառվելու»:
Մարուքյանը ներողություն խնդրեց նաեւ այն խոսքերի համար, որոնք որպես վիրավորանքներ են դիտարկվել.
«Եթե որևէ հայտարարություն՝ մեր կամ մեր հետևորդների կողմից արված, նման կերպ է դիտարկվել, ես ներողություն եմ խնդրում: Կապ չունի՝ դա մոր հետ է կապված, թե այլ սրբությունների: Այս հարցը, որն իշխանությունը փորձում է միախառնել քաղաքական պրոցեսներին, մենք թույլ չենք տալու: Դա տարանջատելու ենք, գալու ենք հաջորդ հարցերին՝ բա պարոն վարչապետ, որ ելույթ էիք ունենում, դատապարտեցի՞ք թիկունքից խփողներին, ոչ: Դատապարտեցի՞ք մեր վրա հարձակվողին, ոչ: Օրեր են անցնում, սպառնալիքները քանի գնում, թեժանում են, ո՞ւր է վարչապետը, ինչ-որ բան արե՞լ է այդ ուղղությամբ»,- ասաց Մարուքյանը: Նրա խոսքով՝ արդեն ազատամարտիկներ են այս թեմաների մեջ խառնում, դատապարտում են «Լուսավոր Հայաստանին»:
Կարդացեք նաև՝
Երբ այցելում էի Սասուն Միքայելյանին, էդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին․ Էդմոն Մարուքյան