▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լիդիանը» հայտարարում է նոր բարենպաստ դատական ակտի մասին՝ կոչ անելով կառավարությանը վերականգնել «Լիդիանի» օրինական իրավունքները

«Լիդիան Ինթերնյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն 2020թ. փետրվարի 26-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 24.08.2018թ. թիվ 30 ստուգման ակտում նշված 10 կետերից 8-ը:  

Այդ մասին ասվում է  «Լիդիան Արմենիա»-ի տարածած հայտարարության մեջ։



«Հիշեցնենք, որ Ամուլսարի ծրագրում 2018 թ. ստուգումների արդյունքում ըստ Տեսչական մարմնի «Լիդիան Արմենիան» խախտել էր ՀՀ օրենսդրության 10 պահանջ՝ ներառյալ Ամուլսարի ծրագրի շինարարության փուլում իրականացված (շինարարական նյութերի) ապօրինի հանքարդյունահանումը: «Լիդիանը» վիճարկել էր այդ կետերը և պնդել, որ Տեսչական մարմնի ղեկավարը եղել է կողմնակալ այդ որոշումներում, որոնց արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն 2018թ.-ի օգոստոսին քրեական գործ էր հարուցել «Լիդիան Արմենիայի» նկատմամբ՝ հիմնվելով Տեսչական մարմնի բացահայտումների վրա:

Համաձայն Վարչական դատարանի վճռի՝ «Լիդիան Արմենիայի» շինարարական գործունեությունն Ամուլսարի ծրագրի տարածքում չի հանդիսանում ապօրինի հանքարդյունահանում: Ինչպես և «Լիդիանը» մշտապես պնդել էր, երբևէ պատշաճ հիմք չի եղել քրեական գործ հարուցելու համար:   
 
«Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս առիթով ասել է, - «Լիդիանը» ողջունում է Վարչական դատարանի անաչառ որոշումը: Սա ևս մեկ վճիռ է, որով Հայաստանի դատական համակարգը փաստում է «Լիդիանի» գործունեության համապատասխանությունը օրենքին: Նախորդ մի շարք վճիռներով ևս Հայաստանի դատարանները պարզել էին, որ «Լիդիանի» աշխատելու օրինական իրավունքը ապօրինաբար խոչընդոտվել է:

«Լիդիանը» լուրջ ֆինանսական կուրսուտներ է կրել Ծրագրի դեմ ապօրինի գործողությունների արդյունքում, որոնց չի միջամտել ՀՀ կառավարությունը: Կառավարության գործողություններն ու անգործությունը շարունակում են բացասաբար ազդել «Լիդիանի» բոլոր շահառուների վրա՝ ներառյալ հարյուրավոր աշխատակիցների, կապալառուների և մատակարարների, ինչպես նաև հազարավոր բաժնետերերի և ներդրողների: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանն առաջնորդվել Վարչական դատարանի վճռով և վերականգնել «Լիդիանի» աշխատելու օրինական իրավունքը»:

Վարչական դատարանը նաև անվավեր է ճանաչել Տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի՝ «Լիդիան Արմենիայի» վարչական բողոքը մերժելու մասին թիվ 30/1 որոշումը: Դատարանը գտել է, որ նախքան իր նշանակումը որպես Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ակտիվորեն ներգրավված է եղել Ամուլսարի ծրագրի դեմ գործողություններում, ինչը ողջամիտ կասկածներ է առաջացնում նրա անաչառության վերաբերյալ, երբ նա մերժել է «Լիդիանի» վարչական բողոքը:  

Այն երկու կետերը, որոնք Վարչական դատարանը թողել է ուժի մեջ, վերաբերում են փաստաթղթավորման բարելավմանը և տարեկան վիճակագրական հաշվետվություններին:

Դատական ակտը կարող է մեկ ամսվա ընթացքում բողոքարկվել Վերաքննիչ Վարչական դատարան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին