Այսօր որոշ առցանց լրատվամիջոցներ տեղեկություններ են հրապարակել այն մասին, թե Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննության ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Ըստ լուրերի՝ չի բացառվում, որ հենց դա էլ ազդել է Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշման վրա։
168.am-ն այս կապակցությամբ պարզաբանում է խնդրել Ս. Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանից։
«Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել։ Ցավում եմ, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող ամբողջ ծավալով ներկայացնել և մեկնաբանել Սերժ Սարգսյանի ցուցմունքները։
Ծանոթ եմ մամուլում շրջանառության մեջ դրված այդ լուրերին, որոնց համաձայն՝ իբրև թե պարոն Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել պարոն Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Միանշանակ կարող եմ ասել՝ դրանք ամբողջությամբ մտացածին և հերյուրանք են»,- ասել է Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։