Օրեր առաջ մամուլում և համացանցում բուռն քննարկումներ էին ընթանում Հայաստան ներկրված սերմնահեղուկի վերաբերյալ:
Նախ Աժ հերթական նիստի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջինը բարձրաձայնեց Իսրայելից Հայաստան ներկրվող սերմնահեղուկի մասին` մասնավորապես ասելով, որ Մաքսային ծառայությունն է նման տվյալներ հաղորդել և հետաքրքրվելով, թե արդյո՞ք դրա անհրաժեշտությունն իսկապես կա, երբվանից է այդ ծրագիրն իրկանացվում Հայստանում: Ի պատասխան պատգամավորի հարցին` ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը նախ տարակուսել էր, ապա հայտնել, որ առաջին անգամ է լսում Հայաստան ներկրվող սերմնահեղուկի մասին:
Այս հայտարարությանն անմիջապես հետևեցին ՊԵԿ-ըի պարզաբանումները:Տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. Հայաստանի Հանրապետություն 2011թ. ընթացքում ներմուծվել է 2 կգ. սերմնահեղուկ` 98. 552 դրամ մաքսային արժեքով (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 30012010): Ներմուծումը կարգավորվել է «ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.03.2000թ. N 581 որոշմամբ:
ՊԵԿ-ը, չժխտելով հանդերձ, որ իսկապես սերկնահեղուկ է ներկրվել Հայաստան, նաև պարզաբանեց, որ այն ոչ թե իսրայելից էր, այլ Մեծ Բրիտանիայից:
Այսօր, սակայն, հակասական թվացող այս խնդրի վրա լույս սփռեց «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոևը:
Վերջինս այսօր` լրագողների հետ հանդիպմանը նշել է, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով`
2011-ին իրենց է դիմել օտարերկրացի մի կին, ում ամուսինն այդ պահին գտնվել է Ավստրիալիայում: Ամուսինները ցանկացել են երեխա ունենալ` արհեստական բեղմնավորմամբ: Եվ ահա ամուսնու սերմնահեղուկը` 1,7-2 մլ քանակությամբ, սառեցման միջոցով Ավստրալիայից բերվել է Հայաստան:
«Սերմնահեղուկը 2 կգ հեղուկ ազոտի տարայի մեջ է եղել: Քանի որ ազոտը գոլորշիանալու հատկություն ունի, ուստի ավելի քիչ լինելու դեպքում անհնար կլիներ սերմնահեղուկի որակը պահպանել»,-պարզաբանել է Օկոևը: