▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ խառնում են օլիգարխին ազգային հավաքականի, խուժանին` պետության հետ

 

Երեկվա Ռուբեն Հայրապետյան – Հենրիկ Մխիթարյան – Լիվերպուլ սկանդալի մեջ ամենաշատը զարմացրեց ընթերցողների մեկնաբանությունները։ Չեմ զարմացել ոչ Հայրապետյանից, ոչ այլ օտարերկյա օլիգարխներից։ Տրամաբանական մի քայլ, երբ օլիգարխիկ շահերը խեղդում են փոքրերինը, տվյալ դեպքում տաղանդավոր երիտասարդինը, ով այսօրվա օրով երևի թե ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ կարող է կոչվել։

Բայց ամենաշատ զարմացա, երբ սկսեցի կարդալ ընթերցողների մեկնաբանությունները, որոնք ոչ թե կոչ էին անում Հենրիխին կասեցնել Հայրապետյանի հետ «համագործակցությունը», ընդվզել, սեփական խոսքն ասել, եթե իրավական կախվածություն կա դատարան դիմել, այլ կոչ էին անում … լքել Հայաստանի հավաքականը։ Վրա–վրա մեկը մեկի հետևից մարդիկ գրում են «Հենո ջան, դուրս արի հավաքականից, դրանք արժանի չեն» և այլն։

Ավելի թշնամական վերաբերմունք չեմ պատկերացնում, որ կարող է անել թե ֆուտբոլասերը, թե ուղղակի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Նույն բանը նաև Մալտայի հետ խաղի ընթացքում էր, երբ պարտվելու ընթացքում մեր մեջքի հետևից տրիբունան բացականչում էր «Ամոթ… Ամոթ… Մինասյան՝ դավաճան… Նեմեց՝ հեռացիր»։ ԼՏՊ անիմաստ ցույցերի ընթացքում ձեռք բերած տաղանդները հիմա անդրադարձել են նաև ազգային հավաքականին։ Սեփական բողոքը արտահայտելու նույն ձևն է, որի մի կողմում քաղաքացին է, մյուսում թշնամիները։ Ցույցերի ժամանակ Սերժ Սարգսյանը, իսկ ֆուտբոլի ընթացքում՝ հավաքականի ֆուտբոլիստները։

Հավաքականի համար ցավող, ֆուտբոլ սիրող մարդը սիրում է ֆուտբոլը անկախ նրանից թիմը հաղթում է, թե պարտվում։ Ուժեղ օրերին հավաքականը սիրել շատ հեշտ է, ինչպես նաև հեշտ է լավ օրերին հարուստ ընկերների հետ ընկերություն անելը, երջանիկ մարդկանց հետ իրենց երջանկությունը կիսելը, հարուստ երկների հարստությունը վայելելը։ Բայց ինչպես վատ օրերին ընկերներից հրաժարվողն է իմ աչքերում դավաճան, նույնկերպ վատ օրերին հավաքականի կողքին չկանգնողն է դավաճան, նույնկերպ օլիգարխիկ կծիկը տեսնող ու հավաքականից փախչողն է դավաճան։

Ցավոք սրտի, մարդիկ խառնում են օլիգարխին ազգային հավաքականի հետ, խուժանին պետության հետ, ու հիվանդությունը այս համատարած է, քանի որ շատ էին մարդիկ, ում համար Լիվերպուլի այդ պատմության լուծումը հավաքականը լքելն է, դրանով իսկ երևի թե Հայրապետյանին վատություն անելը։ Ոչ, դա նույն դավաճանությունն է, որ անում է կողծավորը դժվարություններ հանդիպելիս։ Ու եթե անձնական հարթություններում դրան կարելի է գտնել ներում, ապա ազգային շահի մակարդակում դրան ներում չկա, իսկ նման կերպ մտածող ու կոչեր անող մարդը առնվազն … Դրանով սահմանափակվեմ։

 

Սեդրակ Մկրտչյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին