Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները վաղվանից դադարեցնում են դատական նիստերին իրենց մասնակցությունը։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց նրանց ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանը․
«Այժմ, երբ Մարտի 1-ի հիմնական գործի նախաքննությունը, ըստ էության, դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության եւ ֆարսի, դատարանի բակում եւ նիստերի դահլիճում տիրում է կամայականություն, որն ուղղված է Սահմանադրությամբ հռչակված արժեքների դեմ եւ արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարծես միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ է կարողանում իրացնել, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը»,- հայտարարեց նա․ «Մեր չմասնակցելը գործի՝ այս կամ այն ուղղությամբ ընթանալուն չի նպաստելու, դրա համար բացառապես պատասխանատու են պետական մարմինները՝ մեղադրող կողմը եւ նախագահող դատավորը, ինչպես նաեւ՝ իր էական ազդեցությունն ունի ողջ դատական համակարգը, այնտեղ տիրող իրավիճակը, ԲԴԽ-ն եւ ՍԴ-ն»։
Եգորյանի խոսքով՝ ամեն մեկն իր դիրքում, իր լիազորությունների շրջանակում ունի առանձին խողովակներ, որոնք անխուսափելիորեն փոխկապակցված են այս գործի հետ։


