44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Մենուա Հարությունյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենուա էր անունը իմ ամենահետախույզի...
Այսօր հետախույզի տոնն է... Մենուաս մի շատ կարճ ժամանակ միայն ծառայեց բանակում որպես հետախույզ...
Հետո հիասթափված դուրս եկավ ու սկսեց ուսումնասիրել աշխարհի զարգացած երկրների հետախուզական զորամասերի կառուցվածքն ու արդյունքները: Օրուգիշեր մշակում էր մեր հետախուզության արմատական բարեփոխման ծրագիր, անգամ ազգային համազգեստի դիզայնն էր արել... վիրավորվում էր, որ մերոնք 30 տարում մեր բանակի համար ազգային յուրահատուկ համազգեստ չստեղծեցինք, որ Մոսկվայի զորահանդեսի ժամանակ ռուս հաղորդավարները չշեշտեին, թե հայերը դեռ սովետական համազգեստն են կրում....
Երազում էր հայ զինվորական ասպետականության վերստեղծման մասին- սեպտեմբերի 26-ի երեկոյան անսպասելի հարց տվեց՝ մայր, մեր պատմության մեջ ամենադիվանագետ հետախույզ-զորականը Գայլ Վահա՞նն է եղել....
Հարցն այնքան անսպասելի ու տարօրինակ էր, իսկ առավոտյան ճայթեց պատերազմը....
Նա չհասցրեց կերտել Գայլ Վահանական հայ հետախույզի նորովի կերպարը.... Ես համոզված եմ, եթե Մենուաս վերադառնար այս կանխամտածված ու դավադիր պատերազմից, ապա կստեղծեր իր ջոկատը, իր սկզբունքներով ու ծրագրերով, և Հայոց բանակը կունենար իր նոր Գայլ Վահանները...
Հիմա «Հայ ասպետում» պատանիների նոր ջոկատ է ձևավորվել, դեկտեմբերի 22-ին այն կանվանակոչվի Մերուայիս անունով, միայն անունով... իսկ նա այնքան բան ուներ տալու իր սաներին, որ միայն ինքը կարող էր տալ՝
խորագիտություն,
պատվախնդրություն,
համարձակություն,
կամք,
հոգատարություն ու
անձնազոհ ընկերասիրություն... այն ամենն ինչը պատերազմի դաշտում այնքան կարևոր է՝ Հայրենիք ու կյանքեր փրկելու համար:
Մենուա էր անունը նրա...»։