▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք հրաժարվում ենք բուհական ոլորտում կոսմետիկ փոփոխություններից. Արայիկ Հարությունյան

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկել են «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ օրենքի հիմնական նպատակը բուհի ու գիտության և հետազոտության ինտեգրումն է: Նախարարը ներկայացրեց բարձրագույն կրթության և գիտության ոլորտի համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականության ձևավորման և իրականացման հիմքերը և պայմանները, որոնք արտացոլված են առաջարկվող նախագծում:

«Այն խնդրահարույց կետերը, որոնք եղել են քննարկումների օրակարգում, այս ամիսներին բավարար քննարկվել են: Օրենքի հիմնական նպատակը բուհի և, ըստ էության, գիտության և հետազոտության ինտեգրումն է, և այդ նպատակի համար մենք ներկայացրել ենք այս նախագիծը, որը հեղափոխական է: Ինչո՞ւ են այսքան շատ քննարկումներ, տարբեր խմբեր մտահոգություններ են հայտնում, երբեմն հասնում են քննարկման համար անթույլատրելի մակարդակի, որովհետև մենք ունեցել ենք տասնամյակներով կարծրացած համակարգ, և հիմա այս օրենքը դիպչում է յուրաքանչյուր խմբի շահերին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում է այդպես՝ իներցիոն գործընթացները խախտելը ցանկալի չէ:

«Մանավանդ, որ մարդիկ ձևավորել են խմբեր, պարտադրել ծրագրեր, որպեսզի իրենց ազդեցություններն ունենան բուհական շրջանակներում, դրանով պահեն իրենց ցանցերը և  հասարակական, նաև քաղաքական ազդեցություններ ունենան համակարգերում: Այդ պատճառով է, որ օրենքի հետ կապված քննարկումների մի մասը բուռն է անցնում, բայց իշխանությունը բավարար կամք ունի փոփոխություններ անելու այս համակարգում, և մենք հրաժարվում ենք բուհական ոլորտում կոսմետիկ փոփոխություններից»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց փոփոխություններից առավել առանցքայինները:

Բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին պետական​​ աջակցության տրամադրման սկզբունքներն ու մեխանիզմներն են՝

- ինստիտուցիոնալ (բազային) ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների զարգացման, նորարարական ծրագրերի և գիտական հետազոտությունների, կրթության որակի բարելավման նպատակով,

- պետական ուսանողական կրթաթոշակների տրամադրում՝ կրթաթոշակի ձևով ուսման վարձի փոխհատուցում,

- մրցակցային ֆինանսավորում՝ նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով։

-բարձրագույն ուսումնական հաստատության և գիտական կազմակերպության գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները՝ ապահովելու հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը պետության ու հասարակության առջև։

Ըստ նախարարի՝ անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով։

«Օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում։ Ըստ այդմ, այդ մակարդակում կրթություն կարող է իրականացնել միայն բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա կամ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ համատեղ»,- ասաց նախարար Հարությունյանը:

Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը նոր նախագծի ընդունման դեպքում կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևերով:

«Երկու և ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագիր և շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով (դիպլոմով) կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով (դիպլոմներով)։ Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը»,- ասաց նախարարը:

Ըստ առաջարկվող նախագծի՝ պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվելու են ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների։ Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող և սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կկարողանան մասնակցել բուհերի կողմից կազմակերպվող ընդունելության մրցույթին:

Պետական​​ բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ (կրթական ծրագիր), որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից՝ բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը։

Առանցքային փոփոխություններից է նաև այն, որ բուհերի կառավարման խորհրդի կազմն առաջարկվում է սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ը բուհի ներկայացուցիչներից (այդ թվում մեկը՝ ուսանող), իսկ մյուս 6-ը գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից։ Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունն արգելվում է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին